Գազայում հրադադար է․ ՀԱՄԱՍ-ը հրապարակել է գործարքի մանրամասները
9 ՀՈԿ 2025 10:53

Գազայում հրադադար է․ ՀԱՄԱՍ-ը հրապարակել է գործարքի մանրամասները
9 ՀՈԿ 2025 10:53
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել այսօր՝ Իսրայելի ժամանակով ժամը 12:00-ից: Այս պատմական զարգացմանը զուգահեռ` Լիբանանում ՀԱՄԱՍ-ի շարժման ղեկավար Ուսամա Համդանը հայտնել է գործարքի առանցքային մանրամասները՝ ներառյալ իսրայելական զորքերի դուրսբերման և գերիների փոխանակման ժամանակացույցն ու պայմանները։
Համդանի խոսքով՝ իսրայելական զորքերը ուրբաթ օրվանից կսկսեն նահանջել քաղաքներից և խիտ բնակեցված շրջաններից՝ զբաղեցնելով համաձայնագրով նախատեսված դիրքերը։ «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նրանք դուրս կգան և չեն գտնվի քաղաքներում, մասնավորապես՝ Գազա քաղաքում, Ռաֆահում, Խան Յունիսում, ինչպես նաև կլքեն բնակելի շրջանները», - հստակեցրել է նա։
Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ պատանդների փոխանակումը տեղի կունենա միայն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո։ Նա մանրամասնել է, որ փոխանակումը կիրականացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի համաձայն. իսրայելցի պատանդների դիմաց ազատ կարձակվի 250 ցմահ ազատազրկված և 1700 այլ պաղեստինցի, որոնք ձերբակալվել են պատերազմի մեկնարկից հետո։
Բացի գերիների փոխանակումից, համաձայնագիրը նախատեսում է նաև Գազայի հատվածի հումանիտար ճգնաժամի մեղմացում։ Կբացվի 5 սահմանային անցակետ՝ օրական 600 բեռնատար մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համար։ Համդանը հավելել է, որ օգնության բաշխմամբ զբաղվելու են միջազգային կազմակերպությունները։
Այս իրադարձությունների ֆոնին ակտիվացել են նաև դիվանագիտական շարժերը։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան Եգիպտոսից Իսրայել կժամանեն նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Իսրայելի կառավարությունը ևս պատրաստվում է վավերացնել գործարքը։ Իսրայելի ժամանակով ժամը 17:00-ին նախատեսված է նախարարների կաբինետի նիստ, որին կհաջորդի կառավարության նիստը։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում կհաստատվի պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։
Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 12-ի գիշերը հնարավոր է նախագահ Դոնալդ Թրամփի կարճատև այցը Իսրայել։ Որոշ լրատվամիջոցներ անգամ Իսրայելու Թրամփի որոշ հանդիպումներ են անոնսավորում՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել