Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջություն․ Ֆրանսիայի դեսպան
19 ՆՈՅ 2025 11:21

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջություն․ Ֆրանսիայի դեսպան
19 ՆՈՅ 2025 11:21
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ելույթ ունենալով Երևանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի 30-ամյակին նվիրված միջոցառմանը, բարձր է գնահատել Հայաստանի անցած ուղին՝ անկախության «մութ ու ցուրտ տարիներից» մինչև ժողովրդավարական, դեպի Եվրոպա նայող պետություն, որը գտել է խաղաղության հասնելու քաջություն։
Դեսպանը հիշեցրել է, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դեսպանատուն բացեց Երևանում մի ժամանակաշրջանում, որը «հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»»։ Նա նկարագրել է այն դժվարին իրավիճակը, երբ երկիրը դեռ կրում էր 1988-ի երկրաշարժի սպիները, բախվում էր պատերազմի, իսկ մարդիկ ստիպված էին կտրել ծառերը՝ տաքանալու համար։ «Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել», - նշել է Դըկոտինյին։
Անդրադառնալով ներկայիս իրողություններին՝ դեսպանը շեշտել է Հայաստանի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Երևանը դարձել է ծաղկուն ու նորարարական մայրաքաղաք, ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, իսկ երկիրը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Այս համատեքստում նա արել է իր առանցքային դիտարկումը. «Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից»։
Դեսպանն ընդգծել է, որ այս ողջ ճանապարհին Ֆրանսիան եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Նա վկայակոչել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որոնք իրենց համար ծառայում են որպես կողմնացույց. «Մեր աջակցությունը Հայաստանին «անվերապահ է, բացարձակ է և անսասան»»։ Որպես այս աջակցության վառ ապացույց՝ դեսպանը նշել է դեսպանատան աննախադեպ ընդլայնումը, Զարգացման ֆրանսիական գործակալության, Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի, ինչպես նաև պաշտպանության հարցերով առաքելության հիմնումը, որը նա որակել է որպես «շրջադարձային կետ» երկկողմ հարաբերություններում։
Իր խոսքում Օլիվիե Դըկոտինյին հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ով ներկա է եղել միջոցառմանը։ Նա հիշեցրել է, որ հենց Խաչատուրյանն է, լինելով Երևանի քաղաքապետ, նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ դեսպանատան համար նվիրել այս շենքը, որը նախկինում եղել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի տուն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար