Ֆրանսահայերը պահանջում են Արցախ վերադարձի իրավունք
18 ՆՈՅ 2025 09:05

Ֆրանսահայերը պահանջում են Արցախ վերադարձի իրավունք
18 ՆՈՅ 2025 09:05
Ֆրանսիայի հայկական 40 առաջատար կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի անքակտելի իրավունքին։ Կազմակերպությունները հիշեցնում են, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։
«Ցայսօր վճիռը շարունակում է մնալ անկատար», - նշվում է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ հանցավոր շրջափակման և ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված 120,000 հայեր շարունակում են զրկված մնալ իրենց տներից ու ունեցվածքից։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ վերադարձի իրավունքը քաղաքական պահանջ չէ, այլ միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար իրավունք, որը բխում է ժողովրդի և նրա հողի միջև գոյություն ունեցող հնագույն կապից։ Այս ֆոնին, ըստ կազմակերպությունների, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության պղծման և հայկական հետքի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ջնջել մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողությունը։
Ելնելով վերոգրյալից՝ ֆրանսահայ կազմակերպությունները հղում են համերաշխության կոչ և պահանջում են՝
• Անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին։
• Կյանքի կոչել Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային պաշտպանությունը։
• Գործնական կիրառում տալ վերադարձի իրավունքին՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։
• Եվրոպական պետությունների համատեղ գործողություններ՝ միջազգային դատական որոշումների կատարումն ապահովելու համար։
«Արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ․ այն արդարության հրամայական է», - եզրափակում են հայտարարության հեղինակները
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար