Ֆինլանդիան մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար
7 ՀՈԿ 2025 05:52

Ֆինլանդիան մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար
7 ՀՈԿ 2025 05:52
Ֆինլանդիան մտադիր է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Վարշավայում՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպումից հետո։ Վալտոնենը շեշտել է, որ Ֆինլանդիան և Լեհաստանը միասնական են Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցության հարցում։
Վարշավայում կայացած «Մարդկային չափմանը» նվիրված համաժողովի շրջանակներում ունեցած ելույթում Վալտոնենը նշել է. «Մենք պետք է հստակ հասկանանք մեր առջև ծառացած մարտահրավերները։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, այլև ոտնձգություն է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքում ընկած սկզբունքների դեմ։ Սա ուղղակի ոտնձգություն է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և այն նորմերի կոպիտ մերժում, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են խաղաղությունը Եվրոպայում»։
Նա նաև ընդգծել է, որ բռնի տեղահանումները, հարձակումները խաղաղ բնակիչների վրա և ռազմական հանցագործությունները ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլև «հարձակում են հենց մարդկության վրա»։
X-ի իր միկրոբլոգում ֆինն նախարարը գրել է, որ Ֆինլանդիան և Լեհաստանը միավորված են ոչ միայն Բալթիկ ծովով, այլև Եվրոպան ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ընդհանուր ձգտմամբ։ «Մենք անսասան ենք մնում Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի՝ իր ագրեսիվ պատերազմը շարունակելու հնարավորությունները թուլացնելու մեր ձգտման մեջ», - նշել է նա։
Իր հերթին, Լեհաստանի ԱԳՆ Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ֆինլանդիան մնում է իր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Նա նշել է Վարշավայի և Հելսինկիի ընդհանուր դիրքորոշումը՝ սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու հարցում։
Սիկորսկին նաև բարձր է գնահատել Ֆինլանդիայի քաղաքացիական պաշտպանության համակարգը և կոչ է արել շարունակել համատեղ ջանքերը ռուսական «ստվերային նավատորմի» դեմ պայքարում։ Լեհ դիվանագետի խոսքով՝ այն լուրջ վտանգ է ներկայացնում ինչպես ծովային անվտանգության, այնպես էլ Բալթիկ ծովի էկոհամակարգի համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել