Կիբերհարձակումը՝ եվրոպական օդանավակայաններում
Գրանցվել
Գրանցվել
Եվրոպական օդանավակայաններում քաոս՝ լայնածավալ կիբերհարձակման պատճառով
22 ՍԵՊ 2025 14:20
Եվրոպական օդանավակայաններում քաոս՝ լայնածավալ կիբերհարձակման պատճառով

Եվրոպական օդանավակայաններում քաոս՝ լայնածավալ կիբերհարձակման պատճառով

22 ՍԵՊ 2025 14:20
Եվրոպայի խոշորագույն օդանավակայանները դարձել են լայնածավալ կիբերհարձակման թիրախում, ինչը հանգեցրել է զանգվածային քաոսի, հարյուրավոր չվերթների հետաձգման և չեղարկման։ Հարձակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է ռուսամետ NoName057(16) հաքերային խմբավորումը, խաթարել է օդանավակայանների թվային համակարգերի աշխատանքը՝ ստեղծելով լուրջ խոչընդոտներ ուղևորների համար։
Կիբերհարձակումից առավելապես տուժել են Լոնդոնի Հիթրոու, Բրյուսելի և Բեռլինի օդանավակայանները։ Հարձակումը հիմնականում ուղղված է եղել Collins Aerospace ընկերությանը, որը տրամադրում է թռիչքների գրանցման և նստեցման համակարգերի հետ կապված ծառայություններ։ Արդյունքում կաթվածահար են եղել գրանցման համակարգերը, ինչի հետևանքով ավիաընկերությունները ստիպված են եղել անցնել ձեռքով գրանցման, ինչն էլ առաջացրել է հսկայական հերթեր և զգալի ուշացումներ։ Հիթրոուի ներկայացուցիչները հայտնել են, որ բախվել են տեխնիկական խնդիրների, որոնք ազդել են իրենց ավիաընկերությունների գործընկերների վրա։ Բրյուսելի օդանավակայանը նույնպես հաստատել է խափանումները՝ նշելով, որ դրանք ազդել են մի քանի եվրոպական օդանավակայանների վրա։
Առանձին ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն, նույնպես զգուշացրել են ուղևորներին հնարավոր խափանումների մասին։ Եվրամիության կիբերանվտանգության գործակալությունը (ENISA) հաստատել է, որ օդանավակայաններում տեղի ունեցած խափանումները երրորդ կողմի կիբերհարձակման հետևանք են։ NoName057(16) խմբավորումն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ իրենք են կանգնած այսպես կոչված DDoS հարձակումների հետևում։ Այս խմբավորումը հայտնի է Արևմուտքի դեմ իր գործողություններով, որոնք, ըստ նրանց, պատասխան են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն՝ կիբերհարձակման բոլոր հանգամանքները պարզելու համար։ ENISA-ն աշխատում է գործընկերների հետ՝ գնահատելու իրավիճակը և մեղմելու հետևանքները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել