Եվրանեսթը Երևանում. նոր ուղենիշներ սահմանվեցին
Գրանցվել
Գրանցվել
Եվրանեսթի նստաշրջանը Երևանում՝ սահմանվեցին նոր ուղենիշներ
30 ՀՈԿ 2025 10:36
Եվրանեսթի նստաշրջանը Երևանում՝ սահմանվեցին նոր ուղենիշներ

Եվրանեսթի նստաշրջանը Երևանում՝ սահմանվեցին նոր ուղենիշներ

30 ՀՈԿ 2025 10:36
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովում իր աշխատանքն է ավարտել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը, որը երկու օր շարունակ դարձել էր Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերությունների ապագան կերտող կարևորագույն հարթակ։ Համանախագահներ Մարիա Կարապետյանի և Սերգեյ Լագոդինսկու գլխավորությամբ անցկացված նիստերի արդյունքում ընդունվել են չորս հանձնաժողովի կողմից մշակված զեկույցներ, որոնք ոչ միայն ուրվագծում են համագործակցության հետագա ուղիները, այլև սահմանում են քաղաքական, տնտեսական և անվտանգային նոր առաջնահերթություններ։ Մանրամասները փոխանցում են ՀՀ ԱԺ-ից։
Նստաշրջանի առանցքային քննարկումներից մեկը ծավալվել է «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության» զեկույցի շուրջ։ Եվրախորհրդարանի պատգամավոր Օլիվեր Շենկը իր ելույթում հստակ շեշտադրել է, որ Արևելյան գործընկերությունը պետք է դադարի լինել սոսկ համագործակցության ձևաչափ և վերածվի լիարժեք ռազմավարական գործիքի։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը անվտանգության, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ միաժամանակ ուշադրությունը կենտրոնացնելով քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և ժողովրդավարական շարժումների վրա։ «Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետեւանքների», - հայտարարել է Շենկը։
Նա առաջարկել է 2027 թվականին անցկացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողով՝ գալիք տասնամյակի համար նոր, ավելի հավակնոտ տեսլական մշակելու նպատակով։
Տնտեսական ինտեգրման և ենթակառուցվածքների զարգացման թեման ներկայացրել է Եվրանեսթի համանախագահ Մարիա Կարապետյանը՝ կենտրոնանալով «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարության վրա։ Նա այն բնորոշել է որպես ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նախաձեռնություն, որը հիմնված է թափանցիկության, կայունության և հավասար գործընկերության սկզբունքների վրա։ Այս համատեքստում Մարիա Կարապետյանը հատուկ կարևորել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նա այն ներկայացրել է որպես տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և կոմունիկացիաների զարգացման լայն հնարավորություն, որը լիովին համահունչ է «Global Gateway»-ի ոգուն՝ շեշտելով, որ կապը պետք է զուգորդվի լավ կառավարման, օրենքի գերակայության և դատական անկախության երաշխիքներով։
Բացի քաղաքական և տնտեսական զեկույցներից, վեհաժողովն անդրադարձել է նաև էներգետիկ անվտանգության հարցերին։ Եվրախորհրդարանի պատգամավոր Պիերֆրանչեսկո Մարանը ներկայացրել է փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցը, որի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները և հասնել էներգետիկ ինքնիշխանության։ Միաժամանակ, քննարկվել է նաև գիտության և կրթության ոլորտին առնչվող զեկույցը։
«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական ճնշումների ժամանակաշրջանում, և երկրները պետք է ներդրումներ կատարեն գիտական համակարգերում, որպեսզի կարողանան գոյատեւել արագ փոխվող միջավայրում»,- այդ առթիվ նշել է Մարիա Կարապետյանը։
Նստաշրջանի ավարտին քննարկված բոլոր զեկույցները քվեարկությամբ ընդունվել են։ Ամփոփելով երկօրյա աշխատանքը՝ համանախագահները քննարկումները գնահատեցին արդյունավետ՝ ընդգծելով, որ Երևանում կայացած բանավեճերը կարևոր քայլ էին ԵՄ-Արևելյան գործընկերություն հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ճանապարհին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել