Զանգվածային հարվածների թիրախում են Կիևը, Կրասնոդարն ու Տագանրոգը
25 ՆՈՅ 2025 05:50

Զանգվածային հարվածների թիրախում են Կիևը, Կրասնոդարն ու Տագանրոգը
25 ՆՈՅ 2025 05:50
Նոյեմբերի 25-ի գիշերը ռուս-ուկրաինական հակամարտության գոտում նշանավորվել է ռազմական գործողությունների կտրուկ և աննախադեպ ակտիվացմամբ։ Երկուստեք իրականացվել են լայնածավալ օդային գրոհներ, որոնք ընդգրկել են մեծ աշխարհագրություն՝ Ուկրաինայի մայրաքաղաքից մինչև Ռուսաստանի հարավային շրջաններ։ Կիրառվել են հարյուրավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ենթակառուցվածքային լուրջ ավերածությունների։
Ռուսաստանի Զինված ուժերը գիշերվա ընթացքում հրթիռային և դրոնային մասսայական հարձակում են գործել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով կա առնվազն մեկ զոհ։ Տուժել է յոթ խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։ Ավերածություններն առավել զգալի են մայրաքաղաքի մի քանի հատվածներում։ Դնեպրովսկի շրջանում դրոնի ուղիղ հարվածից հրդեհ է բռնկվել ինը հարկանի շենքում։ Իրավիճակը ծայրահեղ լարված է եղել Պեչերսկի շրջանում, որտեղ մասնակի փլուզվել և հրդեհվել են 22 հարկանի բնակելի շենքի մի քանի հարկերը՝ պահանջելով բնակիչների տարհանում։ Կիևի մարզում արձանագրվել են նաև հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքներին։
Պակաս ծանր չէր գիշերը նաև ռուսական կողմի համար։ Ռուսաստանի հարավային շրջանները ենթարկվել են ուկրաինական զինուժի մասշտաբային հարձակմանը։ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատիևը հայտնել է, որ սա տարածաշրջանի վրա ամենաերկարատև և զանգվածային գրոհներից մեկն էր։ Այստեղ տուժել է վեց մարդ, վնասվել են մոտ 20 բնակելի տներ հինգ մունիցիպալիտետներում։ Գելենջիկի մոտակայքում այրվել է անտառային տարածք, իսկ Նովոռոսիյսկում՝ բեռնատար ավտոմեքենա։
Առավել ողբերգական պատկեր է արձանագրվել Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որտեղ ուկրաինական հարձակումը հանգեցրել է մարդկային կորուստների։ Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Նրանցից երկուսը մահացել են հիվանդանոցում՝ բժիշկների կողմից ցուցաբերված օգնությունից հետո, իսկ երրորդի մահվան հանգամանքները դեռևս չեն հստակեցվում։ Բացի այդ, ավելի քան տասը բնակիչ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից ութը հոսպիտալացվել են։
Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան հայտնել է քաղաքացիական ենթակառուցվածքների կրած վնասների մասին։ Հարվածների հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենք, մեկ առանձնատուն, երկու արդյունաբերական ձեռնարկություն և, որն ամենացավալին է, մանկապարտեզի շենք։
Ռազմական փորձագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել հարձակման հնարավոր թիրախը։ Supernova+ մոնիտորինգային նախագծի տվյալներով՝ հարվածն ուղղված է եղել Գ. Մ. Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրին։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման արդյունքում հրդեհվել է Ա-60 լաբորատոր ինքնաթիռը, ինչը կարող է լուրջ կորուստ համարվել ռազմաարդյունաբերական ոլորտի համար։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ռեկորդային՝ 249 անօդաչու թռչող սարք, ինչը վկայում է հակամարտության այս փուլի աննախադեպ ինտենսիվության մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար