Էրդողանը քննադատել է Իսրայելը. խոսել Հայաստանի մասին
Գրանցվել
Գրանցվել
Էրդողանը քննադատել է Իսրայելին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
24 ՍԵՊ 2025 07:41
Էրդողանը  քննադատել է Իսրայելին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Էրդողանը քննադատել է Իսրայելին և խոսել Հայաստանի հետ հարաբերությունների մասին

24 ՍԵՊ 2025 07:41
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստում իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հնչեցրել է մի շարք սուր և ուշագրավ հայտարարություններ, որոնք վերաբերում էին համաշխարհային հակամարտություններին, մարդասիրական ճգնաժամերին և գլոբալ կառավարման համակարգին։ Նրա ելույթի առանցքում Պաղեստինի պետության ճանաչման հրատապությունն էր, Իսրայելի գործողությունների խիստ քննադատությունը և Հարավային Կովկասում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններում առկա գործընթացներին անդրադարձը։
Էրդողանի ելույթի ամենահուզական և կոշտ հատվածը նվիրված էր Գազայի իրավիճակին։ Նա կտրականապես հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցողը պատերազմ չէ։ «Չի կարելի խոսել երկու հավասար կողմերի մասին։ Մի կողմում ամենամահաբեր զենքով զինված ժամանակակից բանակն է, մյուս կողմում՝ անմեղ խաղաղ բնակիչներն ու երեխաները»,- ընդգծել է նա։ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը՝ հասնելու համար անհապաղ հրադադարի։ Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, որոնք արդեն ճանաչել են Պաղեստինի պետությունը, և հորդորել մյուսներին՝ առանց հապաղելու հետևել նրանց օրինակին։
Էրդողանը մեղադրել է Իսրայելին՝ իր գործողությունները Գազայից և Արևմտյան ափից դուրս ընդլայնելու մեջ՝ նշելով, որ Սիրիայի, Եմենի, Իրանի և Լիբանանի դեմ հարձակումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության համար։ «Հարձակումը Կատարի վրա ցույց է տալիս, որ Իսրայելի ղեկավարությունը լիովին դուրս է եկել վերահսկողությունից», - ասել է նա։ Էրդողանը քննադատել է անձամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պնդելով, որ նա «շահագրգռված չէ ո՛չ խաղաղությամբ, ո՛չ էլ պատանդների ազատ արձակմամբ»։ Նրա խոսքով՝ «Իսրայելի կառավարությունը, տարված լինելով «ավետյաց երկրի» գաղափարով, բացահայտորեն սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և համամարդկային արժեքներին»։
Էրդողանը ելույթի մի առանձին հատված նվիրել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի իրադարձություններին՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան ի սկզբանե հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման օգտին։ Նա ողջունել է օգոստոսի 8-ին կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը և իր շնորհակալությունը հայտնեց այդ գործընթացում ներդրում ունեցած ղեկավարներին՝ նախագահներ Իլհամ Ալիևին, Դոնալդ Թրամփին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Էրդողանն առանձին անդրադարձ է կատարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Էրդողանը նշել է. «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի»։ Այս հայտարարությունը, որը հնչեց համաշխարհային ամենաբարձր ամբիոնից, դիտարկվում է որպես պաշտոնական Անկարայի կողմից գործընթացը շարունակելու հանձնառության վերահաստատում։
Եզրափակելով իր խոսքը՝ Թուրքիայի նախագահը կրկնել է իր հայտնի թեզը՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքի քննադատությանը։ «Մենք կշարունակենք հայտարարել, որ աշխարհը մեծ է, քան հինգը, քանի դեռ չի ստեղծվել մի համակարգ, որտեղ արդարները կլինեն ուժեղ, այլ ոչ թե ուժեղները՝ արդար։ Ավելի արդար աշխարհ հնարավոր է, և Թուրքիան կշարունակի իր պայքարը հանուն ավելի արդար աշխարհի», - եզրափակել է Էրդողանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Թուրքիայի հավակնությունները՝ դառնալու գլոբալ քաղաքականության ձևավորման առանցքային դերակատարներից մեկը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել