Եվրամիությունը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
16 ՍԵՊ 2025 07:52

Եվրամիությունը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
16 ՍԵՊ 2025 07:52
Եվրոպական երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցում։ Եվրամիությունը չի ներկայացնի Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, այն հետաձգվել է անորոշ ժամկետով: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի և ԵՄ անդամ երկրներից մեկի պաշտոնյայի:
ԵՄ-ում նախ ասել էին, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթը կընդունվի սեպտեմբերի սկզբին, այնուհետև նշվել էր սեպտեմբերի 15-ին կամ 17-ին ժամկետը: Այժմ, Politico-ի տվյալներով, նոր միջոցառումների ներկայացումը հետաձգվել է անորոշ ժամկետով:
Ըստ հրապարակման՝ այս հարցը դուրս է մնացել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի օրակարգից, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրամիությունն ինքնին կենտրոնացել են Սլովակիայի և Հունգարիայի վրա ճնշում գործադրելու վրա՝ պահանջելով նրանցից կրճատել ռուսական նավթից կախվածությունը:
Նախորդ՝ 18-րդ պատժամիջոցների փաթեթը ԵՄ-ն ընդունել էր հուլիսի կեսերին: Սահմանափակումների տակ էին հայտնվել «Հյուսիսային հոսք» գազամուղները և ստվերային նավատորմի 105 տանկեր: Պատժամիջոցները նաև ազդել էին «Ռոսնեֆտ»-ի՝ Հնդկաստանում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա: Բացի այդ, միջոցառումները վերաբերում էին 14 ֆիզիկական անձանց և 41 իրավաբանական անձանց:
ԵՄ-ն նաև իջեցրել էր ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափը 60 դոլարից (գործում էր 2022 թվականից) մինչև 47,6 դոլար մեկ բարելի դիմաց և արգելել էր ռուսական հում նավթից արտադրված նավթամթերքների ներմուծումը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն ասել էր, որ 19-րդ պատժամիջոցների փաթեթը պետք է ներկայացվեր դեռևս սեպտեմբերի 15-ին: Նրա խոսքով՝ միջոցառումները, որոնք մշակվել էին ԱՄՆ նախագահի հետ համակարգմամբ, պետք է «վիթխարի» ճնշում գործադրեին Ռուսաստանի վրա: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթը նախատեսվում էր ընդունել դեռ սեպտեմբերի սկզբին՝ շարունակելու «ճնշումը Ռուսաստանի ռրատական տնտեսության վրա»:
Տարբեր աղբյուրներ նշել էին, որ հարվածի տակ կարող են հայտնվել երրորդ երկրներում գտնվող նավթավերամշակման գործարանները, որոնք մասնակցում են ռուսական նավթի արտահանմանը: Բացի այդ, հրապարակման տվյալներով՝ առաջարկվել էին պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային ընկերություն «ԼՈւԿՈՅԼ»-ի և նրա դուստր ձեռնարկություն Litasco-ի դեմ: Դրան զուգահեռ, Ֆրանսիան և Գերմանիան կոչ էին արել խստացնել պատժամիջոցները Միջին Ասիայի բանկերի և կրիպտոարժույթային բորսաների մեծ թվով նկատմամբ:
Euractiv-ը գրել էր, որ որոշ եվրոպական երկրներ առաջարկում են արգելել ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Եվրամիություն: Politico-ն հայտնել էր, որ առանձին կետով կարող է ընդգրկվել ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժի սահմանափակումը Շենգենյան գոտում: Չեխիայի կողմից առաջարկված նախաձեռնությունը ենթադրում է դիվանագետների կապակցումը նրանց հավատարմագրման երկրի հետ:
Վաշինգտոնը չի շտապում միանալ այդ պատժամիջոցներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրանց անարդյունավետության պատճառը ԵՄ երկրների կողմից ռուսաստանյան էներգակիրների շարունակական գնումներն են: Վաշինգտոնը հայտնել էր պատրաստակամություն՝ խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հետևեն ԱՄՆ օրինակին և դադարեցնեն Մոսկվայից նավթ գնելը: The New York Times-ը այդ պահանջը անվանել է անհնար: Le Monde-ի տվյալներով՝ Թրամփը ուղղակի ճնշում է գործադրում եվրոպական դաշնակիցների վրա, սակայն ռուսաստանյան նավթի գնումները դադարեցնելու և Չինաստանի ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացնելու պահանջները նրանց համար անընդունելի են:
Դրան զուգահեռ, պետքարտուղարը հուսով է, որ Ուկրաինայում իրավիճակը չի հասնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն: Ռուբիոն նշել է, թե Թրամփը որոշակի պահի կարող է եզրակացության գալ, որ Ուկրաինայում կարգավորում ձեռք բերելը անհնար է, և նախապատվությունը պատժամիջոցներին կտա: Սակայն մինչ այդ նա ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար, նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել