Զելենսկին խոսել է նոր զենքի մասին
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկին խոսել է նոր զենքի հաջողությունների մասին
9 ՀՈԿ 2025 09:10
Զելենսկին խոսել է նոր զենքի հաջողությունների մասին

Զելենսկին խոսել է նոր զենքի հաջողությունների մասին

9 ՀՈԿ 2025 09:10
Ուկրաինայի նախագահը լրագրողների հետ ունեցած զրույցում ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը, բացահայտել ուկրաինական նորագույն զինատեսակների հաջողությունները և անդրադարձել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ։
Զելենսկին հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ կմեկնի ուկրաինական բարձրաստիճան պատվիրակություն, որը կղեկավարի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Բանակցությունների օրակարգը լինելու է չափազանց հագեցած՝ ընդգրկելով Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում, էներգետիկ անվտանգության ամրապնդում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում և սառեցված ռուսական ակտիվների օգտագործման մեխանիզմների մշակում։
Զելենսկին հատուկ ընդգծել է ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռների կարևորությունը։ Նրա համոզմամբ՝ դրանց տրամադրումը Ուկրաինային կարող է դառնալ այն վճռորոշ գործոնը, որը կստիպի ռուսական կողմին «սթափվել» և վերջապես նստել իրական բանակցությունների սեղանի շուրջ։ Մինչ այդ՝ մանրամասն ներկայացրել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության վերջին ձեռքբերումները և Զինված ուժերի հաջող գործողությունները։ Նա հաստատել է, որ ուկրաինական հակահարձակումը ոչ միայն շարունակվում է, այլև տապալել է Պոկրովսկը գրավելու Ռուսաստանի ռազմավարական ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու Ուկրաինայի կարողությունների աճին։ Զելենսկին հաստատել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հաջողությամբ կիրառվել է «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռների զույգը։ «Չեմ նշի քանակը, բայց կիրառություն եղել է։ Համապատասխան արդյունքները կարող եք ինքնուրույն վերլուծել։ Սա դեռ զանգվածային կիրառություն չէ, բայց փաստ է, որ մեր այս զինատեսակի կիրառությունն արդեն տալիս է առաջին շոշափելի արդյունքները»,- նշել է նա։
Բացի այդ, Զելենսկին բացահայտել է մի քանի այլ նոր զինատեսակների անվանումներ և դրանց հաջողությունները։ «Պալյանիցա» համակարգը տասնյակ դեպքերում հաջողությամբ խոցել է թշնամու ռազմական պահեստները՝ վկայելով, որ սա այլևս եզակի դեպք չէ, այլ համակարգված աշխատանք։ «Ռուտա» հրթիռ-դրոնն իր հերթին առաջին անգամ խոցել է ծովային հարթակ՝ ավելի քան 250 կմ հեռավորության վրա։
«Սակայն ամենամեծ հաջողությունը «Лютий»-ն է (Fire Point)։ Տեղի է ունեցել դրա զանգվածային կիրառում՝ մինչև 300 միավոր, և դա լուրջ գործողություն էր։ Մենք հասկանում ենք, որ Ուստ-Լուգան, Պրիմորսկը հասանելի են։ Կարծում եմ՝ սա իսկապես մեծ հաջողություն է», - ամփոփել է Ուկրաինայի նախագահը։ Այս հարվածների հետևանքով, ըստ նրա, Ռուսաստանում արդեն իսկ նկատվում է բենզինի դեֆիցիտ, որը հասնում է պահանջարկի մինչև 20%-ի։
Այս ֆոնին Զելենսկին հստակ զգուշացում է հղել Մոսկվային. Կիևն ունի Բելգորոդի և Կուրսկի մարզերին հարվածելու հնարավորություն։ «Եթե Ռուսաստանը մեզ համար «բլեքաութներ» կազմակերպի, ապա անպայման կստանա համարժեք պատասխան»,- ընդգծել է նա։
Եվրամիությանն անդամակցության հարցում, ըստ Զելենսկու, Ուկրաինան ունի ԵՄ 26 երկրների աջակցությունը։ Միակ խոչընդոտը մնում է Հունգարիան, որի դիրքորոշումը, նախագահի կարծիքով, պայմանավորված է ներքին ընտրություններով։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին՝ Զելենսկին դրանք որակել է ջերմ և կառուցողական։ «Թրամփի հետ հանդիպումից հետո երկխոսությունը շարունակվում է տարբեր մակարդակներում։ Չնայած դրսում տիրող ջերմաստիճանին, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները ջերմ են», - նշել է նա։ Այս համատեքստում Զելենսկին հանդես է եկել անակնկալ առաջարկով՝ հայտարարելով, որ Ուկրաինան պատրաստ է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա ապահովել կայուն հրադադար և խաղաղության հաստատում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել