«Դու ես անպիտանը». Մխիթարյանը՝ Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին
10 ՀՈԿ 2025 15:11

«Դու ես անպիտանը». Մխիթարյանը՝ Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին
10 ՀՈԿ 2025 15:11
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրական գրքում՝ «La mia vita sempre al centro» («Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»), լույս է սփռել «Մանչեսթեր Յունայթեդում» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած ծանր և լարված հարաբերությունների վրա։
Գրքում նա մանրամասն նկարագրում է միջադեպեր, որոնք 2016-2018 թվականներին իրենց համատեղ աշխատանքը դարձրել էին «անտանելի»։ Լարվածությունը գագաթնակետին է հասել մի սուր վիճաբանության ժամանակ, երբ նա այլևս չի կարողացել համբերել մարզչի մշտական քննադատությանը։ «Ես նրան ասացի, որ դու ինձ քննադատում ես արդեն մեկուկես տարի, այն ժամանակվանից, երբ ես ժամանեցի «Մանչեսթեր Յունայթեդ»»,- գրում է Մխիթարյանը։
Ըստ հայ ֆուտբոլիստի՝ Մոուրինյոն ի պատասխան իրեն «անպիտան» է անվանել, ինչը դարձել է վերջին կաթիլը։ «Ես պարզապես կորցրի ինքնատիրապետումս՝ արձագանքելով՝ դու ես անպիտանը»,- խոստովանում է նա։ Այս միջադեպից հետո Մոուրինյոն փոխել է իր մարտավարությունը՝ անցնելով հոգեբանական ճնշման։ Մարզումների ընթացքում նա ամբողջությամբ անտեսել է Մխիթարյանին՝ պահպանելով սառը լռություն, սակայն ամեն երեկո WhatsApp-ով ուղարկել է նույն հաղորդագրությունը. «Միկի, հեռացիր, խնդրում եմ»։
Մխիթարյանը նշում է, որ սկզբում համբերատարությամբ է պատասխանել՝ գրելով, որ կհեռանա միայն հարմար թիմ գտնելու դեպքում, հակառակ դեպքում կսպասի ամառային տրանսֆերային պատուհանին։ Սակայն իրավիճակը փոխվել է, երբ Մոուրինյոն բացահայտել է իր իրական մտադրությունը։ «Հունվարի կեսին տեքստը փոքր-ինչ փոխվեց՝ «Միկի, խնդրում եմ հեռացիր, որ ես կարողանամ Ալեքսիս Սանչեսին բերել»»,- գրում է նա։
Այդ պահին արդեն ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան աշխատում էր «Արսենալի» հետ փոխանակման տարբերակի վրա։ Մխիթարյանի պատասխանը դարձել է ավելի կոշտ. «Ես չեմ հեռանում պարզապես քեզ հաճույք պատճառելու համար, և խնդրում եմ, դադարիր ինձ գրել։ Եթե ուզում ես, խոսիր Մինոյի հետ»։
Արդյունքում փոխանակումը կայացել է. Ալեքսիս Սանչեսը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Մխիթարյանը՝ «Արսենալ»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել