Դրոնների չդադարող այցերը և ՆԱՏՕ-ի երկընտրանքը
29 ՍԵՊ 2025 07:26

Դրոնների չդադարող այցերը և ՆԱՏՕ-ի երկընտրանքը
29 ՍԵՊ 2025 07:26
Հյուսիսային Եվրոպայում անվտանգության հետ կապված մտահոգությունները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի տարածքում բազմաթիվ անհայտ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են նկատվել։ Դրոնների վերջին այցերը գրանցվել են սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Այս միջադեպերը տեղի են ունեցել եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ն, ըստ The Times-ի, քննարկում է իր արևելյան թևում ռուսական ինքնաթիռների խոցման կանոնները խստացնելու հնարավորությունը։
Վերջին շաբաթվա ընթացքում Դանիան բախվել է «հիբրիդային հարձակումների», ինչպես դրանք որակել են իշխանությունները։ Անհայտ ԱԹՍ-ների հայտնվելը հանգեցրել է մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Կոպենհագենի օդանավակայանի ժամանակավոր փակմանը։ Ի պատասխան՝ Դանիայի կառավարությունը հայտարարել է երկրի օդային տարածքում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ժամանակավոր արգելքի մասին՝ այս քայլը բացատրելով Կոպենհագենում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Թեև պաշտոնական Կոպենհագենը ուղղակիորեն չի մեղադրում որևէ կողմի, սակայն վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ակնարկել է Մոսկվայի հնարավոր առնչության մասին։ Կրեմլը հերքել է այս մեղադրանքները։
Սկանդինավյան երկրներում տեղի ունեցած միջադեպերը համընկնում են ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների երկայնքով աճող լարվածության հետ, որտեղ վերջին շրջանում ռուսական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտման դեպքեր են գրանցվել Լեհաստանում, Ռումինիայում և Էստոնիայում։
The Times-ի հրապարակման համաձայն՝ այս իրադարձությունների ֆոնին դաշինքը դիտարկում է ուժի կիրառման կանոնների փոփոխություն, որը կպարզեցնի սահմանախախտ ռուսական ինքնաթիռները խոցելու որոշման կայացումը։ Ներկայումս ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելությունները հիմնականում սահմանափակվում են խախտող ինքնաթիռներին դաշնակիցների օդային տարածքից դուրս ուղեկցելով, եթե դրանք ակնհայտ ռազմական սպառնալիք չեն ներկայացնում։
Դաշինքի ներսում այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան։ Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Լեհաստանը և Էստոնիան, հանդես են գալիս ավելի կոշտ դիրքորոշման օգտին։ Միևնույն ժամանակ, որոշ անդամ երկրներ զգուշանում են էսկալացիայի ռիսկերից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պարզաբանել է, որ զինվորականներն արդեն իսկ իրավասու են խոցել օդանավը, եթե այն ուղղակի սպառնալիք է ներկայացնում, սակայն յուրաքանչյուր դեպք գնահատվում է առանձին։ Ռուսաստանն իր հերթին նման քննարկումները որակել է «անխոհեմ» և զգուշացրել, որ ռուսական ինքնաթիռի խոցումը կդիտվի որպես պատերազմի հայտարարում։ Թեպետ չի մոռանում պարբերաբար հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի երկրների սահմանները պարբերաբար հատող ԱԹՍ-ները Մոսկվայի հետ կապ չունեն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել