Դրոններ, լազեր, գերձայնային հրթիռներ. ՀԱՊԿ-ը համալրում է զինանոցը
29 ՍԵՊ 2025 07:16

Դրոններ, լազեր, գերձայնային հրթիռներ. ՀԱՊԿ-ը համալրում է զինանոցը
29 ՍԵՊ 2025 07:16
Լարված ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է իր հիմնարար փաստաթղթերում առաջին անգամ ներառել սպառազինության նոր տեսակներ։ «Известия»-ի տեղեկություններով՝ խոսքը գերձայնային ու լազերային զենքերի, ինչպես նաև անօդաչու համակարգերի մասին է։ Այս քայլով կազմակերպության անդամ երկրները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) նպատակ ունեն համաձայնեցնել դրանց կիրառումը ռազմական սպառնալիքների դեմ։
Համապատասխան համաձայնագրի նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 7-ին, Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։ Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է, որ այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի սրմամբ։
Նրա խոսքով՝ ժամանակակից զինված հակամարտություններում, այդ թվում՝ Ուկրաինայում, կողմերը կիրառում են սպառազինության ամենաժամանակակից տեսակները և փորձարկում հեռանկարային նմուշներ։
Փաստաթղթում «սպառազինության նոր տեսակներ» հասկացությունը սահմանվում է բավականին լայն՝ որպես «զինված պայքարում հակառակորդին խոցելու համար նախատեսված սարքեր և առարկաներ», որոնք ներառում են գիտության և տեխնիկայի նվաճումները, այդ թվում՝ ոչ մահաբեր, հոգեֆիզիկական և այլ ազդեցության միջոցներ՝ «հակառակորդին խաղաղության պարտադրելու նպատակով»։ Ռազմական փորձագետ Դմիտրի Կոռնևի կարծիքով՝ ներկայումս ՀԱՊԿ երկրների զինանոցում առկա նորագույն զենքերը հիմնականում երեք տեսակի են։
- Անօդաչու համակարգեր (դրոններ). Դրանց մշակմամբ զբաղվում են գրեթե բոլոր անդամ երկրները։ Խոսքը վերաբերում է ինչպես օդային (ներառյալ FPV-դրոններ), այնպես էլ ցամաքային ռոբոտացված համակարգերին։ Ծովային անօդաչուներ առկա են միայն Ռուսաստանում, թեև դրանց ստեղծման ներուժ ունի նաև Ղազախստանը։
- Լազերային համակարգեր. Հիմնականում նախատեսված են դրոնների դեմ պայքարի համար։ Այս ոլորտում աշխատանքներ են տանում Ռուսաստանը և Բելառուսը, որը վերջերս ներկայացրել է «Шафран» լազերային համալիրը։
- Գերձայնային համակարգեր. Այս բնագավառում առաջատարը Ռուսաստանն է («Кинжал», «Орешник» հրթիռային համալիրներ)։ Բելառուսը նույնպես աշխատում է հրթիռային համալիրների («Полонез») ուղղությամբ, որոնք ապագայում կարող են դառնալ գերձայնային մարտագլխիկների կրողներ։
Փորձագետները նշում են, որ նման համաձայնագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության արագ զարգացմամբ և ռազմական ոլորտում դրանց կիրառմամբ։ Նոր փաստաթուղթը պետք է սահմանի միասնական կանոններ, համատեղ պլանավորման և փորձաքննության մեխանիզմներ՝ նպատակ ունենալով ամրապնդել կազմակերպության դերը Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել