ԱԹՍ-ները քաոս են ստեղծել Մյունխենի օդանավակայանում
Գրանցվել
Գրանցվել
ԱԹՍ-ները քաոս են ստեղծել Մյունխենի օդանավակայանում
3 ՀՈԿ 2025 06:04
ԱԹՍ-ները քաոս են ստեղծել Մյունխենի օդանավակայանում

ԱԹՍ-ները քաոս են ստեղծել Մյունխենի օդանավակայանում

3 ՀՈԿ 2025 06:04
Գերմանիան բախվել է ազգային անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերի հետ։ Երկրի հյուսիսում տեղի ունեցած միջադեպերից հետո, այժմ էլ հարավում՝ Մյունխենի օդանավակայանում, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը լուրջ խափանումների պատճառ է դարձել։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան օդանավակայանի տարածքում և դրա մերձակայքում ԱԹՍ-ների նկատվելուց հետո, իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել օդային հաղորդակցությունը՝ առաջացնելով լայնածավալ քաոս։
Ինչպես հայտնում է օդանավակայանի օպերատորը, միջադեպի հետևանքով չեղարկվել է 17 չվերթ, ևս 15-ը վերաուղղվել են դեպի Շտուտգարտի, Նյուրնբերգի, Վիեննայի և Ֆրանկֆուրտի օդանավակայաններ։ Այս անսպասելի իրավիճակի պատճառով տուժել է շուրջ 3000 ուղևոր։ Օդանավակայանի ղեկավարությունը՝ ավիաընկերությունների հետ համատեղ, ստիպված է եղել հոգ տանել օդանավակայանում մնացած մարդկանց կարիքները՝ տրամադրելով դաշտային մահճակալներ, ծածկոցներ, խմիչք և սնունդ։
Դաշնային ոստիկանության հաղորդմամբ, մի քանի քաղաքացիներ են ահազանգել օդանավակայանի մոտ անօդաչու սարքի առկայության մասին, որից հետո ԱԹՍ-ներ են նկատվել նաև անմիջապես թռիչքուղիների վերևում։ Դեռևս պարզ չէ՝ խոսքը մեկ, թե մի քանի սարքի մասին է։ Իրավապահները՝ ներգրավելով նաև ուղղաթիռ, շրջափակել և զննել են տարածքը՝ փորձելով հայտնաբերել ինչպես սարքերը, այնպես էլ կասկածյալներին, սակայն որոնումներն առայժմ անարդյունք են եղել։ Հոկտեմբերի 3-ի առավոտյան օդանավակայանը վերսկսել է իր բնականոն աշխատանքը։
Այս միջադեպը տեղի է ունենում խիստ լարված իրավիճակի ֆոնին։ Սեպտեմբերի վերջին Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում մի քանի անօդաչու սարքեր թռիչքներ էին իրականացրել կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների վրայով։ Իշխանությունները կասկածում են, որ դրանց նպատակը լրտեսությունն է եղել։ Անօդաչուները զուգահեռ հետագծերով թռչել են էլեկտրակայանի, Քիլի համալսարանական կլինիկայի և նույնիսկ երկրամասի կառավարության նստավայրի վրայով՝ ակնհայտորեն դրանք չափագրելու նպատակով։
Գերմանական իշխանությունները հետաքննության շրջանակներում ուսումնասիրում են կասկածելի բեռնատար նավի հետքը։ Անվտանգության ծառայություններում կարծում են, որ նավի տեղաշարժն ու գտնվելու վայրի տվյալները վկայում են դրա հնարավոր կապի մասին ԱԹՍ-ների հետ։ Հատկանշական է, որ միջադեպերից օրեր անց այդ նավը մտել է Ռուսաստանի նավահանգիստներից մեկը։ Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Սկանդինավյան երկրներում, մասնավորապես Դանիայում և Նորվեգիայում, որտեղ ևս օդանավակայաններ են ժամանակավորապես փակվել, և չի բացառվում ռուսական հետքի առկայությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել