Երևանում մեկնարկել է CORLEAP-ի 14-րդ տարեկան հանդիպումը
27 ՀՈԿ 2025 10:53

Երևանում մեկնարկել է CORLEAP-ի 14-րդ տարեկան հանդիպումը
27 ՀՈԿ 2025 10:53
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) 14-րդ տարեկան հանդիպումը, որը միտված է ժողովրդավարությունն ընդլայնելուն, բարեփոխումները և համայնքների միջև համագործակցությունը խթանելուն:
«Արմենպրես»-ի   հաղորդմամբ՝ քննարկման հիմնական թեմաներն  են ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների մեջ ապակենտրոնացման ընթացիկ վիճակի և հեռանկարները, ինչպես նաև CORLEAP-ի 2025-2029 թվականների գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդունումը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծեց, որ, կարևորելով եվրոպական չափանիշները,  Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն՝ գործող օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ։  «Շատ կարևոր է, որ Հայաստանը դեռևս 2002 թվականին  վավերացրել է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան։ Հայաստանը 2013 թվականին վավերացրել է նաև Եվրոպական խարտիայի տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը։ Այս համատեքստում կարևորում ենք վերջին տարիներին համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը»,-ասել է Ղալեչյանը: 
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց՝ Երևանի համար պատիվ է այս տարի CORLEAP-ի հանդիպումը հյուրընկալելը։  «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի և եվրոպական տարբեր հարթակների հետ Երևան քաղաքի համագործակցությանը և, իհարկե, ներգրավվածությանը, մասնավորապես CORLEAP-ի հետ աշխատանքներին։ Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մի քանի տարի առաջ Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող հրապարակը, անվանակոչվել է Եվրոպայի հրապարակ։ Մեծապես կարևորում ենք մեր ընդգրկվածությունը և ջանքերի համադրումը Արևելյան գործընկերության ծրագրերին, որոնք ուղղված են 2025-2029 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը։ Վստահ ենք, որ Արևելյան գործընկերությունը, լինելով բավականին հասանելի հարթակ, մեծապես նպաստում է տարածաշրջանային կայունությանը և Եվրոպական միության շրջանակներում երկխոսության զարգացմանն ու ակտիվացմանը»,-նշել է քաղաքապետի տեղակալը: 
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել