Կոնգոյի նախկին նախագահին մահապատիժ է սպառնում
Գրանցվել
Գրանցվել
Կոնգոյի դատախազը մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
1 ՀՈԿ 2025 05:21
Կոնգոյի դատախազը մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

Կոնգոյի դատախազը մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

1 ՀՈԿ 2025 05:21
Կոնգոյի գլխավոր դատախազը պահանջել է մահապատժի ենթարկել երկրի նախկին նախագահ Ջոզեֆ Կաբիլային, որը հեռակա կարգով դատվում է պետական դավաճանության և ռազմական հանցագործությունների մեղադրանքով։ Դատական գործը կապված է «M23» ապստամբական խմբավորման հետ նրա ունեցած կապերի հետ։
Ջոզեֆ Կաբիլան, որը երկիրը ղեկավարել է 2001-ից 2019 թվականներին, դատարանի առջև է կանգնել այս տարվա հուլիսից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ռազմական հանցագործությունների, սպանությունների և բռնաբարությունների համար։ Կաբիլան իշխանության է եկել 29 տարեկանում՝ իր հոր՝ նախկին նախագահ Լորան Կաբիլայի սպանությունից հետո, ևս երկու տարով երկարաձգել է իր պաշտոնավարումը՝ 2017 թվականին ընտրությունները հետաձգելու միջոցով։
Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացնող գեներալ Լյուսիեն Ռենե Լիկուլիան, ի լրումն մահապատժի, պահանջել է նաև 20 տարվա ազատազրկում՝ ռազմական հանցագործություններ թույլ տալու, և 15 տարի՝ դավադրության մեղադրանքով, թեև այս մեղադրանքների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։
Կաբիլան, որը 2023 թվականից ի վեր գտնվում էր ինքնակամ աքսորում, այս տարվա ապրիլին վերադարձել է ապստամբների կողմից վերահսկվող Գոմա քաղաք։ Նրա գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Նախկին նախագահի անձեռնմխելիությունը չեղարկվել է2025թ․ մայիսին։
Կոնգոյի գործող նախագահ Ֆելիքս Չիսեկեդին անցյալ տարի մեղադրել էր Կաբիլային ապստամբներին աջակցելու և նրանց հետ «ապստամբություն նախապատրաստելու» մեջ, ինչը Կաբիլան հերքում է։
Կաբիլայի կողմնակիցները պնդում են, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նրա կուսակցության ղեկավար և նախկին նախարար Ֆերդինանդ Կամբերեն հայտարարել է, որ Կաբիլայի՝ որպես ցմահ սենատորի անձեռնմխելիությունից զրկելը նրա դեմ սկսված արշավի մի մասն է։ «Այն, ինչ մենք տեսանք, իսկական խայտառակություն էր հանրապետության համար»,- ասել է նա։
Նախկին նախագահի դատավճռի հրապարակման օրը դեռևս նշանակված չէ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել