Չինաստանը կրճատում է ռուսական նավթի ներմուծումը
Գրանցվել
Գրանցվել
Չինաստանը կրճատում է ռուսական և իրանական նավթի ներմուծումը
18 ՆՈՅ 2025 12:39
Չինաստանը կրճատում է ռուսական և իրանական նավթի ներմուծումը

Չինաստանը կրճատում է ռուսական և իրանական նավթի ներմուծումը

18 ՆՈՅ 2025 12:39
Արևմտյան պատժամիջոցների խստացման հետ կապված մտավախությունները զսպում են ռուսական և իրանական նավթի մատակարարումները Չինաստան, թեև ի հայտ եկող շրջանցիկ ուղիները վկայում են, որ անկումը կարող է ժամանակավոր լինել։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի կողմից «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո չինական խոշոր պետական նավթավերամշակող ընկերությունները դադարեցրել են ESPO տեսակի նավթի գնումները, որը կազմում է Ռուսաստանից Չինաստան ներմուծվող նավթի հիմնական մասը։ Բացի այդ, Վաշինգտոնի թիրախում է հայտնվել նաև Ռիժաոյի նավթային տերմինալը, որը սպասարկում էր Չինաստան ներմուծվող նավթի շուրջ 10%-ը, ինչն իր հերթին զսպում է մատակարարումները նաև Իրանից։
Նշվում է, որ նույնիսկ որոշ մասնավոր նավթավերամշակող ընկերություններ, այսպես կոչված՝ «թեյնիկներ», որոնք սովորաբար ավելի հանդուրժող են ռիսկերի նկատմամբ, խուսափում են Ռուսաստանի Հեռավոր Արևելքից բեռներ ընդունելուց։ Նրանց զգուշավորությունը պայմանավորված է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Shandong Yulong Petrochemical Co. ընկերությանը «սև ցուցակում» ներառելով, որը ռուսական նավթի խոշոր գնորդ էր։
Չինացի գնորդների շրջանում այս անհանգստությունը ծագում է այն ֆոնին, երբ հնդկական նավթավերամշակող ընկերությունները նույնպես կրճատում են ռուսական նավթի գնումները։ Սա, ըստ Bloomberg-ի, վկայում է այն մասին, որ Կրեմլին պատերազմ վարելու միջոցներից զրկելու Արևմուտքի ջանքերը վերջապես արդյունք են տալիս։
Rystad Energy AS վերլուծական ընկերության գնահատականներով, որոնք նույնպես մեջբերում է Bloomberg-ը, այս ամիս ծովային ճանապարհով ռուսական նավթի ներմուծումը Չինաստան կարող է կրճատվել օրական 500,000-800,000 բարելով, ինչը կազմում է սովորական մակարդակի մոտ երկու երրորդը։
Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ արդեն իսկ «սև ցուցակում» հայտնված նավահանգիստների, ինչպիսին է Շանդուն նահանգի Դոնցզյակոուն, կայունությունը ցույց է տալիս, որ առանց խիստ վերահսկողության և պատժամիջոցների հարկադիր կիրառման՝ մատակարարումների վերսկսումը միանգամայն հնարավոր է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել