ՀՀ պետական պարտք. Ինչու է աճում․ Ֆինանսների նախարարը
Գրանցվել
Գրանցվել
Որքա՞ն է ՀՀ պետական պարտքը և ինչո՞ւ է այն աճում․ ֆիննախարարի մեկնաբանությունը
12 ՆՈՅ 2025 07:33
Որքա՞ն է ՀՀ պետական պարտքը և ինչո՞ւ է այն աճում․ ֆիննախարարի մեկնաբանությունը

Որքա՞ն է ՀՀ պետական պարտքը և ինչո՞ւ է այն աճում․ ֆիննախարարի մեկնաբանությունը

12 ՆՈՅ 2025 07:33
Պետական բյուջեի պակասուրդը Բյուջե-2026-ի նախագծով նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4․5%-ը՝ 25 թվականի 5․5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2․8%։ Մանրամասները Խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում՝ միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։ Այս համատեքստում էական է ընդգծել, որ մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը, թիրախում պահելով արդյունավետության և արտադրողականության բարձրացումը»,- նշել է ֆինանսներ նախարարը։
Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է նաև ՀՀ պետական պարտքի թեմային։
«Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ ․․․ Հիմա եկե՛ք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ, ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100%-ով, այլ 80%-ով։ Եվ այսպես, վերջին յոթ տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը մեկուկես տարում»,- նշել է նախարարը։

«Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկուկես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։

Եթե վերադառնայինք 18 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 միլիարդ դրամով կամ շուրջ 65%-ով, կրթության ծախսերը՝ 178 միլիարդ դրամով կամ 60%-ով, 60%-ով։

Սոցիալական ծախսերը՝ 489 միլիարդ դրամով կամ 54%-ով, տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերը՝ 117 միլիարդ դրամով կամ 50%-ով։

Հիմա ինքնե՛րդ որոշեք՝ մեր պարտքը կառավարելի՞ է, և արդյո՞ք պետք է այն հենց հիմա վերադարձնել 2018 թվականի մակարդակին»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է նախարարը։
Կարևորել է պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշռի ավելացումը։
«Եվ եթե 2018 թվականի տարեվերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19%, ապա հաջորդող վեց տարիների ընթացքում այն շարունակաբար աճել է՝ 24 թվականին հասնելով շուրջ 50.8%-ի։

Այս փոփոխությունները մեզ թույլ են տվել միաժամանակ հասնել մի քանի կարևոր արդյունքների։ Նախ՝ էականորեն նվազեցնել փոխարժեքի ռիսկը, այսինքն՝ ապահովել պարտքի սպասարկման կայունությունը արտարժույթի տատանումների նկատմամբ։

Երկրորդ՝ կառավարության ֆինանսական կարիքները բավարարել հիմնականում ներքին ֆինանսական շուկայի խնայողությունների հաշվին, որի արդյունքում պարտքի գծով տոկոսավճարները վճարվում են մեծամասամբ երկրի ռեզիդենտներին։

Եվ երրորդ՝ նպաստել պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը, որը հանդիսանում է ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման հիմնաքարը։ Այսինքն, այն պարտքը, որը մենք ունենք այսօր, կառուցվածքային տեսանկյունից բազմակի ավելի որակյալ և կայուն է, քան այն, ինչ ունեինք 2018 թվականին»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով, հայկական պետական գանձապետական պարտատոմսերի շուկան այսօր դարձել է հետաքրքիր և գրավիչ նաև միջազգային ներդրողների համար։
«Եթե 2018 թվականին ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3.6 միլիարդ դրամ, ապա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասել է արդեն 177 միլիարդ դրամի։ Այսինքն, միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ այսօր առավել քան երբևէ։

Ավելին, եթե 2025 թվականի մարտին թողարկված 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերի եկամտաբերության մեջ երկրի ռիսկի հավելավճարը կազմում էր 286 բազիսային կետ կամ 2.86%, ապա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո սեպտեմբերի վերջին այն նվազել է մինչև 227 բազիսային կետ։ Սա պատմականորեն ցածր ցուցանիշ է»,- ընդգծել է ֆինանսների նախարարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել