Բրյուսելյան բեկում. Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ռազմավարական նոր օրակարգը
2 ԴԵԿ 2025 15:15

Բրյուսելյան բեկում. Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ռազմավարական նոր օրակարգը
2 ԴԵԿ 2025 15:15
Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները թևակոխում են զարգացման որակապես նոր և ավելի խորը փուլ։ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստը նշանավորվել է առանցքային իրադարձությամբ՝ կողմերը պաշտոնապես ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։
Երկկողմ հարաբերությունների համար անկյունաքարային նշանակություն ունեցող այս փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.
«Մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։
Ստորագրված փաստաթուղթն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր կարևորագույն ոլորտները։ Ինչպես ավելի վաղ մանրամասնել էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը, ռազմավարական օրակարգը ներառելու է լայնածավալ աջակցություն, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսական զարգացման խթանմանն ու պետական ինստիտուտների ուժեղացմանը։
Սակայն նոր օրակարգի ամենաուշագրավ կետերից մեկը վերաբերում է անվտանգային բաղադրիչին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում»։ Սա հստակ ազդակ է, որ Երևանն ու Բրյուսելը պատրաստակամ են ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ներառելով նաև պաշտպանական հարցերը։
Բացի այդ, Եվրամիությունը հանձնառություն է ստանձնել աջակցել Հայաստանին ներքին կայունության և անվտանգության ապահովման հարցում, հատկապես՝ սպասվող կարևոր քաղաքական իրադարձությունների ֆոնին։ Մասնավորապես, եվրոպական կողմը կօգնի դիմակայել սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանն ու կիբեռհարձակումներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար