Այսօր մենք միանում ենք ավելի քան 150 երկրի,որոնք ճանաչում են Պաղեստինը․Սաթարմեր
22 ՍԵՊ 2025 05:16

Այսօր մենք միանում ենք ավելի քան 150 երկրի,որոնք ճանաչում են Պաղեստինը․Սաթարմեր
22 ՍԵՊ 2025 05:16
Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես հայտարարել են Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Այս համատեղ քայլը նպատակ ունի վերակենդանացնել երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված խաղաղության գործընթացը՝ միաժամանակ հստակ սահմանազատելով Պաղեստինի ժողովրդի ինքնիշխանության ձգտումները «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության գործողություններից։
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ, ընդգծել է այս որոշման պատմական նշանակությունը։ «Ավելի քան 75 տարի առաջ մենք ճանաչեցինք Իսրայելի պետությունը՝ որպես հրեա ժողովրդի հայրենիք։ Այսօր մենք միանում ենք ավելի քան 150 երկրի, որոնք նույնպես ճանաչում են պաղեստինյան պետությունը։ Սա խոստում է պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդներին, որ ավելի լավ ապագա կարող է լինել»,- նշել է Սթարմերը։ Նա շեշտել է, որ այս քայլը «պարգև չէ ՀԱՄԱՍ-ի համար», քանի որ այն ենթադրում է, որ այդ կազմակերպությունը «ապագա չի ունենա, ոչ մի դերակատարում կառավարությունում, ոչ մի դերակատարում անվտանգության ապահովման գործում»։ Լոնդոնը նախատեսում է առաջիկայում ընդլայնել «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատժամիջոցները։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին իր հերթին քննադատել է Իսրայելի ներկայիս կառավարությանը՝ նշելով, որ այն «մեթոդաբար քայլեր է ձեռնարկում՝ թույլ չտալու պաղեստինյան պետության ստեղծումը»։ Քարնին «ՀԱՄԱՍ»-ին անվանել է կառույց, որը «ահաբեկում է Իսրայելի ժողովրդին և ճնշում Գազայի բնակիչներին՝ պատճառելով սոսկալի տառապանքներ»։ Կանադայի կառավարության հայտարարության մեջ ասվում է․ «Չափազանց կարևոր է, որ ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր պատանդներին, ամբողջությամբ զինաթափվի և որևէ դերակատարում չունենա Պաղեստինի ապագա կառավարման գործում»։ Վարչապետը հավելել է, որ Պաղեստինի իշխանությունները Կանադային և միջազգային հանրությանը պարտավորություն են տվել իրականացնել բարեփոխումներ և 2026 թվականին անցկացնել համընդհանուր ընտրություններ, որոնցում «ՀԱՄԱՍ»-ը դերակատարում չի ունենա։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն պաղեստինյան պետության ապառազմականացման շուրջ։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը X սոցիալական հարթակում հրապարակած իր հայտարարության մեջ նշել է, որ միջազգային հանրությունը հստակ պահանջներ է ներկայացրել Պաղեստինի ինքնավարությանը։ Նրա խոսքով՝ Պաղեստինի ինքնավարության նախագահը հաստատել է Իսրայելի գոյության իրավունքը և ուղղակի պարտավորություններ է ստանձնել Ավստրալիայի առջև։ Դրանք ներառում են ժողովրդավարական ընտրությունների անցկացում և զգալի բարեփոխումների իրականացում ֆինանսների, կառավարման և կրթության ոլորտներում։
Այսպիսով, երեք տերությունների համակարգված որոշումը ոչ միայն ճանաչում է պաղեստինցիների պետականության իրավունքը, այլև այն պայմանավորում է ժողովրդավարական բարեփոխումներով, Իսրայելի անվտանգության երաշխիքներով և «ՀԱՄԱՍ»-ի լիակատար մեկուսացմամբ՝ որպես տարածաշրջանի խաղաղ ապագայի կառուցման գրավական։ Արդյո՞ք այս համատեղ քայլը որոշիչ ազդեցություն կունենա՝ Պաղեստինի հետ կապված զարգացումների մասով՝ փորձագետները չեն շտապում եզրակացություններ անել։ Այս պահին իրականը Գազայում Իսրայելի ռազմական գործողություններն են ու տարածքի բնակչության տեղահանումը՝ հակառակ միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին ու կոչերին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել