Զենքի էմբարգո. Բրիտանիան չեղարկել է Հայաստանի, Ադրբեջանի համար
Գրանցվել
Գրանցվել
Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն
14 ՀՈԿ 2025 07:40
Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն

Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն

14 ՀՈԿ 2025 07:40
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատմական որոշում է կայացրել՝ չեղարկել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, որը սահմանվել էր ԵԱՀԿ-ի կողմից դեռևս 1992 թվականին։ Այս քայլը հետևում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացին»։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված գրավոր հայտարարության մեջ, որը ներկայացրել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութին։
Հայտարարության մեջ նախարար Դաութին մանրամասնում է այն իրադարձությունները, որոնք հիմք են հանդիսացել Լոնդոնի քաղաքականության այս կտրուկ փոփոխության համար։ Որպես շրջադարձային կետ՝ նշվում է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովը, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
«Այդ գագաթնաժողովի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր և ստորագրվեց հռչակագիր։ Փաստաթղթերը ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովման պարտավորություն՝ Հայաստանի ինքնիշխանության հարգման պայմանով»,- նշվում է հայտարարության մեջ։
Պաշտոնական Լոնդոնը ողջունել է այս առաջընթացը՝ այն բնորոշելով որպես «կարևոր քայլ դեպի խաղաղություն և կայունություն»։ Այս դրական զարգացումների լույսի ներքո, Միացյալ Թագավորությունը որոշում է կայացրել էականորեն բարձրացնել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Այս նոր կարգավիճակը կներառի խորացված համագործակցություն առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև նախատեսում է ամենամյա նախարարական հանդիպումների անցկացում։
Իր հանձնառությունը հաստատելու և գործնական քայլերը քննարկելու նպատակով, նախարար Դաութին օգոստոսի 24-ից 26-ը այցելել է երկու երկրներ։ Այցի ընթացքում բրիտանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
«Հաշվի առնելով ձեռք բերված առաջընթացը, մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ-ի 1992 թվականի էմբարգոն կորցրել է իր արդիականությունը։ Միացյալ Թագավորությունը ամբողջությամբ չեղարկում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն»,- ընդգծվում է փաստաթղթում։
Բրիտանական կառավարությունը պարզաբանում է, որ այս որոշումը նպատակ ունի զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և օգնել երկու երկրներին պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ արձագանքելով հիբրիդային սպառնալիքներին։ Սա բացում է նոր հնարավորություններ պաշտպանական ոլորտում փոխգործակցության համար, որոնք նախկինում սահմանափակված էին գործող էմբարգոյով։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ հստակ նշվում է, որ զենքի վաճառքի գործընթացը լինելու է խիստ վերահսկվող։ «Արտահանման լիցենզիաները կդիտարկվեն անհատական կարգով՝ խիստ չափանիշներին համապատասխան։ Մենք ուշադիր կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- վստահեցնում է նախարար Դաութին։
Իր հայտարարությունը եզրափակելով՝ բրիտանացի պաշտոնյան հույս է հայտնում, որ այս քայլերը ճանապարհ կհարթեն դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում։ «Միացյալ Թագավորությունը պատրաստ է համագործակցել երկու երկրների, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մյուս գործընկերների հետ՝ աջակցելու այս փոփոխություններին և տարածաշրրջանային կայունությանը»,- ասվում է փաստաթղթում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել