Բելգրադում խորհրդարանի շենքի մոտ հրաձգություն և հրկիզում է տեղի ունեցել
22 ՀՈԿ 2025 11:24

Բելգրադում խորհրդարանի շենքի մոտ հրաձգություն և հրկիզում է տեղի ունեցել
22 ՀՈԿ 2025 11:24
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, խորհրդարանի շենքի դիմաց, տեղի է ունեցել զինված միջադեպ, որը երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։ 70-ամյա մի տղամարդ կրակ է բացել, վիրավորել անցորդի, այնուհետև հրկիզել է վրաններից մեկը՝ կրակի մեջ նետելով մի բուռ փամփուշտ։
Միջադեպի հետևանքով 57-ամյա տղամարդը ազդրի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Նա անմիջապես հոսպիտալացվել է, և, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կրակ բացած անձին։
Տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Որոշ աղբյուրների համաձայն՝ հրկիզված վրանը պատկանել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցներին։ Սակայն, այլ տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել բողոքի ակցիա իրականացնող ընդդիմության կողմից կազմակերպված վրանային ճամբարում։ Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վիրավոր տղամարդը դուրս գալիս վրանից՝ ցատկոտելով մեկ ոտքի վրա, մինչ ոստիկանները զենքերն ուղղում են դեպի վրանը։ Ըստ Telegraf-ի՝ հրաձիգը կրակել է գազի բալոնի վրա, ինչն էլ հանգեցրել է հրդեհի բռնկմանը։
Հատկանշական է, որ միջադեպի պահին նախագահ Վուչիչը գտնվել է խորհրդարանի շենքում, որտեղ մասնակցել է քաղաքամերձ տների բաշխման պայմանագրերի ստորագրման արարողությանը։ Տեղի ունեցածի պատճառով նա ստիպված է եղել լքել միջոցառումը։
«Ես առաջինը պետք է ելույթ ունենամ և ներողություն խնդրեմ, որ ստիպված եմ լքել այս հիանալի հավաքը՝ Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով», - հայտարարել է նա՝ խոստանալով ավելի ուշ հանդես գալ մանրամասն հայտարարությամբ։
Դեպքի վայր է ժամանել Բելգրադի բարձրագույն դատախազության դատախազը։ Խորհրդարանի դիմացի տարածքը շրջափակվել է ոստիկանական ժապավենով, կատարվում է քննություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել