Բայրամովի վերջնագիրը. փոխեք Սահմանադրությունը, բացեք «Զանգեզուրի միջանցքը»
7 ՀՈԿ 2025 06:43

Բայրամովի վերջնագիրը. փոխեք Սահմանադրությունը, բացեք «Զանգեզուրի միջանցքը»
7 ՀՈԿ 2025 06:43
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում ներկայացրել է Բաքվի տեսլականը տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և թյուրքական աշխարհի ինտեգրման խորացման վերաբերյալ։ Հիշեցրել է այն նախապայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի առջև՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ առանցքային դեր տալով տրանսպորտային միջանցքների, մասնավորապես՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը։
Իր ելույթի սկզբում Բայրամովը շեշտել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը վերածվել է «դինամիկ տարածաշրջանային կենտրոնի»։ Նա ընդգծել է, որ ընդհանուր լեզվի, պատմության և ավանդույթների վրա հիմնված այս կառույցը, որի հիմքը դրվել է Նախիջևանի համաձայնագրով, այժմ ընդգրկում է համագործակցության ավելի քան 35 ուղղություն՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Բայրամովի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահության խարխլման պայմաններում ԹՊԿ անդամ երկրների միջև եղբայրության և փոխվստահության վրա կառուցված համագործակցությունը ոչ միայն հպարտության աղբյուր է, այլև ամուր հիմք՝ ապագային հույսով նայելու համար։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Բայրամովը «պատմական» է անվանել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը։ Սակայն, խոսելով վերջնական խաղաղության պայմանագրի մասին, Բայրամովը հստակ ձևակերպել է Բաքվի գլխավոր պահանջը. «Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»։ Այս հայտարարությունը փաստացի վերջնագիր է, որը կարգավորման ողջ պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա՝ կապելով խաղաղության հեռանկարը Հայաստանի ներքին օրենսդրության փոփոխության հետ։
Բայրամովի ելույթի առանցքային մասը նվիրված էր տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։ Նա ընդգծել է, որ ԹՊԿ անդամ երկրները, իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ, բնական կամուրջ են հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև՝ ձևավորելով կարևոր տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիներ։ Այս համատեքստում նա առանձնացրել է «Միջին միջանցքը», որի ակտիվացման համար Ադրբեջանը «հետևողական ջանքեր» է գործադրում։
Ամենամեծ ուշադրությունը, սակայն, նա դարձրել է Վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում հայտարարված TRIPP երթուղուն։ «TRIPP երթուղու հայտարարումը, որը «Զանգեզուրի միջանցքով» անխոչընդոտ հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից», - հայտարարել է Բայրամովը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել