Բայրամովի բացահայտումնե՞րը, թե՞ արտահոսքերը՝ 5 տարի անց
8 ՆՈՅ 2025 09:07

Բայրամովի բացահայտումնե՞րը, թե՞ արտահոսքերը՝ 5 տարի անց
8 ՆՈՅ 2025 09:07
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացահայտել է 44-օրյա պատերազմին նախորդող և դրա ընթացքում տեղի ունեցած դիվանագիտական գործընթացների մի շարք ուշագրավ մանրամասներ։ Նրա հայտարարությունները վերաբերում են Ռուսաստանի առաջարկած հրադադարի այլընտրանքային տարբերակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջամտությանը։
Բայրամովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Իլհամ Ալիևի շփումներին։ Նրա խոսքով, 2018 թվականին Դուշանբեում կայացած առաջին հանդիպմանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն», Փաշինյանի դիրքորոշումը եղել է «բավականին կառուցողական»։ «Նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար», – ասել է Փաշինյանը՝ խնդրելով դադարեցնել կրակոցները սահմանին։
Սակայն, ըստ Բայրամովի, 2019 թվականին Փաշինյանն արդեն ամբողջությամբ փոխել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ չի լուծելու հակամարտությունը։ Որպես պատճառաբանություն, նա բերել է հետևյալ փաստարկը. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Ի պատասխան՝ Ալիևը նշել է, որ դա չի կարող արդարացում լինել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»։ Ու, փաստացի, հենց այդ պահից պատերազմը անխուսափելի դարձավ։
Ըստ Բայրամովի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կողմերին ներկայացրել էր հրադադարի այլ պայմաններ պարունակող կարճ փաստաթուղթ։ Այդ առաջարկով նախատեսվում էր նոյեմբերի 9-ից հաստատել անվերապահ հրադադար՝ առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցելու պայմանի։
Այս տարբերակով, շփման գծի արևելյան հատվածում պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահներ և ադրբեջանական զինված ուժեր, իսկ արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և հայկական զինված ուժեր։ Այս առաջարկը, սակայն, կյանքի չի կոչվել։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ 44-օրյայի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել է Ալիևին և սպառնացել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը կանգ չառնի։ Ի պատասխան, Ալիևը հայտնել է, որ Ֆրանսիան կարող է դա անել, բայց դա Բաքվի համար ոչինչ չի փոխի, և որ նման քայլի դեպքում Ադրբեջանն անմիջապես կխզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները Փարիզի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել