Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի վիճակը կրիտիկական է. փաստաբան
18 ՆՈՅ 2025 06:41

Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի վիճակը կրիտիկական է. փաստաբան
18 ՆՈՅ 2025 06:41
Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա այլևս չի կարողանում քայլել և զրկված է պատշաճ բժշկական օգնությունից ու կենսական անհրաժեշտության պարագաներից։ Այս մասին ահազանգել է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ մանրամասներ ներկայացնելով Էուլջեքջյանի հետ վերջին շփումից։
Նոյեմբերի 16-ին՝ 45-օրյա լիակատար մեկուսացումից հետո, ադրբեջանական կողմը Վիգեն Էուլջեքջյանին թույլատրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ։ Այդ զրույցի ընթացքում նա հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, այլևս ի վիճակի չէ քայլել և անվասայլակի կարիք ունի, սակայն բանտային իշխանությունները հրաժարվում են այն տրամադրել։
Էուլջեքջյանը նաև հայտնել է, որ թեև իրեն տարել են բժշկի մոտ, ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որ նա որևէ դեղորայք ստանա։ «Չնայած նրա առողջական վիճակին՝ նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել, շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է», - ընդգծել է փաստաբան Մինասյանը։
Իրավիճակը բարդացնում է նաև սննդի խնդիրը։ Էուլջեքջյանի փոխանցմամբ՝ իրեն տրամադրվող միակ սնունդը թեյն ու հացն են։ Փաստաբանը սա որակում է որպես անձին դիտավորյալ զրկանքի ենթարկելու քայլ և մարդու արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունք։
Ըստ Լուսիանա Մինասյանի՝ եթե Վիգեն Էուլջեքջյանի փոխանցած տեղեկությունները հաստատվեն, ապա դա կլինի միջազգային իրավունքի, կալանավորների նկատմամբ վերաբերմունքի իրավունքի և ՄԱԿ-ի՝ կալանավորների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտ կանոնների կոպտագույն խախտում։
«Բժշկական օգնության մերժումը, սննդից զրկելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը և անվասայլակ տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության և կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և տրամադրել անվասայլակ», - հայտարարել է փաստաբանը՝ նշելով, որ այս խնդիրների մասին կտեղեկացվեն ՄԱԿ-ի համապատասխան կառույցները և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանին և նրա կնոջը՝ Մարալ Նաջարյանին, Ադրբեջանն ապօրինի ձերբակալել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել, սակայն Վիգեն Էուլջեքջյանը շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Շինծու դատավարության արդյունքում նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար