Բանգլադեշի նախկին վարչապետը դատապարտվել է մահապատժի
17 ՆՈՅ 2025 11:57

Բանգլադեշի նախկին վարչապետը դատապարտվել է մահապատժի
17 ՆՈՅ 2025 11:57
Բանգլադեշի դատարանը երկրի նախկին վարչապետ Շեյխ Հասինային մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ 2024 թվականի բողոքի ցույցերի դաժան ճնշման համար։ Նախկին վարչապետը դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ մոտ մեկ տարի առաջ նա փախել է Հնդկաստան և անհասանելի է Բանգլադեշի ուժային կառույցների համար։
78-ամյա Հասինայի հետ մեկտեղ մեղավոր են ճանաչվել նաև նրա կառավարության երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ներքին գործերի նախկին նախարար Ասադուզաման Խան Քամալը և ոստիկանության նախկին ղեկավար Չաուդհուրի Աբդուլլահ ալ-Մամունը։ Նրանցից միայն վերջինն է ներկա եղել դատավարությանը, ընդունել է իր մեղքը և ցուցմունք տվել որպես մեղադրող կողմի վկա։
Բանգլադեշում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2024 թվականի հուլիսին։ Դրանք կազմակերպել էին ուսանողները, որոնք պահանջում էին փոխել այն համակարգը, որով պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահված էր 1971 թվականին Պակիստանից անկախության համար մղված պատերազմի վետերանների հարազատներին։ Ուսանողները նման կարգը խտրական էին համարում և պահանջում էին, որ աշխատանքի ընդունումը կատարվի՝ յուրաքանչյուր թեկնածուի որակավորման հիման վրա։
Ցույցերը շուտով վերաճել են արյունալի բախումների ուժայինների հետ, որոնց ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել, անջատել համացանցը և պարետային ժամ սահմանել։ 2024 թվականի օգոստոսի սկզբին Շեյխ Հասինան հրաժարական տվեց և փախավ հարևան Հնդկաստան, ինչից հետո ցուցարարները գրոհեցին նրա նստավայրը։
Շուտով ստեղծվեց Բանգլադեշի ժամանակավոր կառավարություն, որը գլխավորեց Խաղաղության Նոբելյան մրցանակի 85-ամյա դափնեկիր Մուհամմադ Յունուսը։ Նա խոստացել է 2026 թվականի փետրվարի սկզբին նոր ընտրություններ անցկացնել։
Ինքը՝ Հասինան, դատավճռի կայացումից հետո հայտարարություն է տարածել, որում դատավարությունն անվանել է անօրինական և իր քաղաքական հակառակորդների կողմից կազմակերպված «ֆարս»։
«Ես չեմ վախենում հանդիպել ինձ մեղադրողներին իսկական դատարանում, որտեղ ապացույցները կարող են գնահատվել և ստուգվել ազնիվ եղանակով», - ասել է նա։ Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե ինքն անձամբ է հրահանգել ուժայիններին կրակ բացել ցուցարարների վրա՝ խոստովանելով, սակայն, որ «իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և շատ մարդիկ իզուր են զոհվել»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար