Մեխիկո. բողոքի ցույցեր, 100+ տուժած
Մեխիկոյում բողոքի զանգվածային ցույցեր են. ավելի քան 100 տուժած կա
17 ՆՈՅ 2025 06:45
Մեխիկոյում բողոքի զանգվածային ցույցեր են. ավելի քան 100 տուժած կա

Մեխիկոյում բողոքի զանգվածային ցույցեր են. ավելի քան 100 տուժած կա

17 ՆՈՅ 2025 06:45
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու հակակառավարական բողոքի ցույցերի, որոնք վերաճել են բախումների ոստիկանության հետ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տուժել է առնվազն 120 մարդ, որոնցից 100-ը ոստիկանության աշխատակիցներ են։
Ցույցերի առիթ է դարձել երկրում տիրող բռնության մթնոլորտը և նախագահ Կլաուդիա Շեյնբաումի վարած քաղաքականությունը։ Ցուցարարների դժգոհության գլխավոր պատճառներից մեկը Ուրուապան քաղաքի քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանությունն է, որը հայտնի էր նարկոկարտելների դեմ իր խիստ դիրքորոշմամբ և անողոք պայքարի կոչերով։ Ցուցարարները, որոնց զգալի մասը «Z սերնդի» երիտասարդներ էին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կոռուպցիայի, իշխանության չարաշահման և անպատժելիության դեմ։
Բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր «Generation Z Mexico» երիտասարդական շարժման կողմից, արագ թափ է հավաքել՝ գրավելով հազարավոր քաղաքացիների։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի Ազգային պալատ, որտեղ գտնվում է նախագահ Շեյնբաումի նստավայրը։ Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները փորձել են քանդել պալատը պաշտպանող արգելապատնեշները, ինչին ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազի կիրառմամբ։ Բախումների հետևանքով 40 ոստիկան հոսպիտալացվել է, իսկ 20 քաղաքացի ձերբակալվել է կողոպուտի և հարձակման մեղադրանքով։
Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան դատապարտել է բռնությունները՝ հայտարարելով, որ բողոքի իրավունքը չպետք է վերածվի բռնության։ Միևնույն ժամանակ, նախագահ Շեյնբաումը հայտարարել է, որ ցույցերը ֆինանսավորվում են ընդդիմադիր աջ քաղաքական ուժերի կողմից, որոնք դեմ են իր կառավարությանը։ Նա նաև կասկածի տակ է դրել ցույցերի ինքնաբուխ բնույթը՝ նշելով, որ դրանց մասին տեղեկությունները համացանցում տարածվել են բոտերի միջոցով։
Չնայած իր պաշտոնավարման առաջին տարում 70%-ից բարձր վարկանիշին և ֆենտանիլի թրաֆիքինգի դեմ պայքարում որոշակի հաջողություններին, Շեյնբաումը բախվում է քննադատության՝ երկրում բռնությունը զսպելու անկարողության համար։ Նրա վարած քաղաքականությունը դժգոհություն է առաջացնում ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան պետությունների հետ հարաբերություններում։ Վերջերս Պերուի Կոնգրեսը Շեյնբաումին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել այն բանից հետո, երբ Մեքսիկան ապաստան է տրամադրել Պերուի նախկին վարչապետին, որը մեղադրվում է 2022 թվականին պետական հեղաշրջման փորձի մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար