ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին սպառնում է ցմահ ազատազրկում
2 ԴԵԿ 2025 10:58

ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին սպառնում է ցմահ ազատազրկում
2 ԴԵԿ 2025 10:58
Ռուսաստանի Դաշնության ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն լրջագույն մեղադրանքներ են առաջադրվել, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման։ Քննչական մարմինները Շիխլինսկուն դիտարկում են որպես էթնիկ հանցավոր խմբավորման պարագլուխ։ Այդ մասին հայտնում են ռուսական աղբյուրները։ Վարկածի համաձայն՝ այս խմբավորման անդամները 2001-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Սվերդլովսկի մարզում իրականացրել են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ և մահափորձեր։ Նախկին «դիասպորալ առաջնորդի» դեմ քրեական գործեր են հարուցվել երկու սպանության կազմակերպման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։
Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես 2010 թվականին գործարար Ֆեհրուզ Շիրինովի սպանության գործը։ Հատկանշական է, որ սպանված գործարարը ժամանակին բացահայտորեն մեղադրում էր Շիխլինսկուն հանցավոր գործունեության մեջ, ինչն էլ, ըստ քննության, դարձել է հաշվեհարդարի դրդապատճառ։
Իրադարձությունների թեժացման առիթ է դարձել հուլիսի սկզբին Եկատերինբուրգի «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած միջադեպը։ Հատուկ ջոկատայինները գործողություն են իրականացրել հենց այն պահին, երբ Շիխլինսկին իր որդու՝ Մութվալիի հետ Mercedes-Benz G-դասի ավտոմեքենայով փորձել է կայանել։
Մութվալի Շիխլինսկին, ով կալանավորվել է հուլիսի կեսերին, պատմել է, որ դիմակավորված անձինք ջարդել են մեքենայի պատուհանները և զենք պահել իրենց վրա։ Նա պնդում է, որ շոկային վիճակում է եղել և մեքենայի դուռը բացելիս պատահաբար հարվածել է հատուկ ջոկատայինին, ինչի հետևանքով վերջինս ընկել է և առողջական ծանր վնասվածք ստացել։ Մութվալիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, սակայն նա, ինչպես և հայրը, չի ընդունում իր մեղքը։
Նախաքննությունն արդեն ավարտվել է, և գործը փոխանցվել է դատարան։ Շուտով կսկսվի դատավարությունը, որտեղ ամբաստանյալի աթոռին Շիխլինսկիներից բացի հայտնվել են նաև Սաֆարով եղբայրները (Ակիֆ, Այազ, Բակիր, Քամալ, Մազահիր) և Ասկեր Ռաջաբովը։ Նրանք նույնպես մեղադրվում են սպանությունների և մահափորձերի մեջ։ Ուշագրավ է, որ ըստ աղբյուրների՝ խմբավորման անդամներից Մազահիր Սաֆարովը ցուցմունք է տվել և մատնել իր հանցակիցներին, մինչդեռ մյուսները շարունակում են հերքել մեղադրանքները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար