Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ տնային կալանքի տակ
15 ՀՈԿ 2025 05:57

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ տնային կալանքի տակ
15 ՀՈԿ 2025 05:57
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի ենթարկել երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկին՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
87-ամյա Մեհթիևը, որը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ղեկավարել է գրեթե քառորդ դար՝ 1995 թվականից մինչև 2019 թվականը, համարվում էր երկրի քաղաքական համակարգի առանցքային դեմքերից և, այսպես կոչված, «գորշ կարդինալներից» մեկը։ Նրա պաշտոնավարումը համընկել է Ադրբեջանի պետականության ամրապնդման երկարատև ժամանակահատվածի հետ, ինչի շնորհիվ նա կուտակել էր հսկայական ազդեցություն և լծակներ։
Դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Հատկանշական է, որ Մեհթիևը քրեական պատասխանատվության է ենթարկվում առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Նրան ներկայացված մեղադրանքները ներառում են Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի երեք ծանրագույն հոդվածներ։
Մասնավորապես, նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է 278.1 հոդվածով (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), ինչը, փաստացի, պետական հեղաշրջման փորձի մեղադրանք է։ Երկրորդ մեղադրանքը ներկայացված է 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), որը համարվում է պետության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը։ Երրորդ մեղադրանքը վերաբերում է ֆինանսական հանցագործություններին և ներկայացված է 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում), որը հայտնի է նաև որպես փողերի լվացում։ Կանխատեսվում է, Ռամիզ Մեհթիևի գործը, անկասկած, կդառնա Ադրբեջանի նորագույն պատմության ամենաաղմկահարույց դատավարություններից մեկը՝ հաշվի առնելով նրա դերն ու կշիռը երկրի կառավարման համակարգում վերջին տասնամյակների ընթացքում։ Չեն բացառում, որ այդ գործի հետ կապված էլի անուններ կհնչեն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել