Ադրբեջանում կալանավորվեց ընդդիմադիր Ալի Քերիմլին
1 ԴԵԿ 2025 15:03

Ադրբեջանում կալանավորվեց ընդդիմադիր Ալի Քերիմլին
1 ԴԵԿ 2025 15:03
Ադրբեջանում իրավապահ համակարգը կոշտ միջոցներ է ձեռնարկել երկրի ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերից մեկի նկատմամբ։
Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիին։ Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend-ը, դատարանը քննարկել և բավարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացրած միջնորդությունը՝ քաղաքական գործչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը՝ 2 ամիս 15 օր ժամկետով։
Քերիմլիին առաջադրվել է բավականին լուրջ մեղադրանք: Նա մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողությունների, ինչպես նաև պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու համար։
Հիշեցնենք, որ այս զարգացումներին նախորդել էր նոյեմբերի 29-ին Քերիմլիի տանը Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այդ գործողությունները կատարվել են Ռամիզ Մեխտիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը ևս քննվում է նույն կառույցի կողմից։
Հատկանշական է, որ Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել նաև այս գործով անցնող մյուս առանցքային ֆիգուրի՝ հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ռամիզ Մեխտիևի վերաբերյալ։ Դատարանը բավարարել է նրա դեմ ներկայացված միջնորդությունը և որպես խափանման միջոց սահմանել չորս ամսվա տնային կալանքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար