Այշատ Բայմուրադովայի սպանության գործով նոր անուններ են շրջանառվում
4 ՆՈՅ 2025 10:43

Այշատ Բայմուրադովայի սպանության գործով նոր անուններ են շրջանառվում
4 ՆՈՅ 2025 10:43
Չեչնիայից տարհանված և Երևանում մահացած հայտնաբերված Այշատ Բայմուրադովայի սպանության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել։ Հայաստանի ոստիկանությունը, տեսադիտարկման խցիկների միջոցով, պարզել է երկու անձի ինքնություն, որոնք դուրս են եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է «Осторожно, новости» պարբերականը։
Տեղեկությունը հաստատել է նաև «СК SOS» ճգնաժամային խումբը։ Այդ մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ հրապարակման՝ Բայմուրադովայի մահվան ենթադրյալ օրը՝ հոկտեմբերի 19-ին, նրա բնակարանից դուրս են եկել նրա ծանոթուհի Կարինա Իմինովան և 30-ամյա ծագումով չեչեն Սաիդ-Խամզաթ Բայսարովը։ Վերջինս Ռուսաստանում դատվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեղադրանքով, սակայն հետագայում նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվել են՝ ապացույցների բացակայության պատճառով։ Բացի այդ, նրա դեմ հարուցվել են նաև այլ գործեր՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և կողոպուտի հոդվածներով։ Ներկայումս ո՛չ Իմինովային, ո՛չ Բայսարովին կասկածյալի կարգավիճակ դեռևս չի տրվել։
Իրավապաշտպանները հատուկ ուշադրություն են դարձնում Կարինա Իմինովայի կերպարին, ում հետ Բայմուրադովան ծանոթացել էր Instagram-ում և անհետացել էր հենց նրա հետ հանդիպման գնալուց հետո։ «Марем» ճգնաժամային խմբից հայտնել են, որ Իմինովան ստել է իր ծագման մասին, այցելել է Չեչնիա, հանդիպել հանրապետությունից հեռացած այլ անձանց հետ և, հնարավոր է, կապված է Կադիրովի շրջապատի մարդկանց հետ։
Այս ամենի ֆոնին մեծանում են մտավախությունները, որ Իմինովան և Բայսարովն արդեն կարող էին լքած լինել Հայաստանի տարածքը և վերադարձած լինել Ռուսաստան։ Այս մտահոգություններն են կիսում նաև Այշատի ընկերները, որոնք նոյեմբերի 4-ին Երևանում բողոքի ակցիա են նախատեսում՝ հանրության ուշադրությունը հետաքննության վրա հրավիրելու նպատակով։
Հիշեցնենք, որ 20-ամյա Այշատին հայրը ամուսնացրել էր իրենից 9 տարով մեծ տղամարդու հետ, ում նա մինչև հարսանիքը տեսել էր ընդամենը երեք անգամ։ Կարճ ժամանակ անց նա ամուսնալուծվել էր՝ ունենալով մեկ փոքրիկ որդի։ Ընտանեկան բռնությունից փրկվելու համար «CK SOS» և «Марем» իրավապաշտպան կազմակերպությունները 2025 թվականի հունվարի 22-ին Այշատին տարհանել էին Երևան։ Հոկտեմբերի 15-ին ընկերները ոստիկանություն էին դիմել նրա անհետացման կապակցությամբ, իսկ մի քանի օր անց նրա դին հայտնաբերվել էր Երևանի բնակարաններից մեկում։ Ներկայումս նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, տարվում է նախաքննություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել