Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
Գրանցվել
Գրանցվել
Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
11 ՆՈՅ 2025 10:09
Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

11 ՆՈՅ 2025 10:09
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Այս քայլին նախորդել էր Բարձրագույն դատական խորհրդի կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ գերատեսչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը) 1-ին մասով»։
Սա նշանակում է, որ դատավորը կասկածվում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով լիազորությունները չարաշահելու և դիտավորությամբ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։
Որպես խափանման միջոց՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ ընտրվել է համակցված տարբերակ։ «Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը», - հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալով դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Այդ որոշման հիման վրա Նաիրա Գրիգորյանի դատավորի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը։ Նախաքննությունը շարունակվում է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել