Արյունալի գիշեր Աբովյանում․ վիրավորները ծանր վիճակում
Գրանցվել
Գրանցվել
Արյունալի գիշեր Աբովյանում. վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
11 ՀՈԿ 2025 08:23
Արյունալի գիշեր Աբովյանում. վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արյունալի գիշեր Աբովյանում. վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

11 ՀՈԿ 2025 08:23
Հոկտեմբերի 11-ի գիշերը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում արյունալի միջադեպ է գրանցվել։ Ժամը 01:00-ի սահմաններում Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ծագած վիճաբանությունը վերաճել է զինված բախման և ծեծկռտուքի, ինչի հետևանքով երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպի մանրամասները ներկայացրել է դեպքի վայրից աշխատող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ նրա՝ ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Խանամիր Հ-ն։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ բացատրություն տալ։
Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ևս երկու ահազանգ է ստացվել։ Սկզբում հայտնել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Վ.-ն։ Դրանից կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից հայտնել են, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ տուժած՝ Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վահե Վ-ն։ Բժիշկների խոսքով՝ վերջին երկու տուժածները ևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվում են և ի վիճակի չեն եղել որևէ տեղեկություն հաղորդել կատարվածի մասին։
Դեպքի առթիվ իրավապահ մարմինները ձեռնարկել են լայնածավալ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ և բջջային հեռախոս։ Ինչպես «1lurer.am»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ միանգամից մի քանի ծանր հոդվածներով։
Վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերքի շրջանառություն)։ Այս հոդվածների համադրությունը վկայում է դեպքի առանձնահատուկ վտանգավորության մասին։
Նախաքննության շրջանակներում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում արդեն իսկ կա մեկ ձերբակալված՝ խուլիգանություն կատարելու համար։
Նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանցագործության ամբողջական պատկերը վերականգնելու ուղղությամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել