Առողջության համապարփակ ապահովագրություն. ով, երբ և ինչքան է վճարելու
2 ԴԵԿ 2025 09:20

Առողջության համապարփակ ապահովագրություն. ով, երբ և ինչքան է վճարելու
2 ԴԵԿ 2025 09:20
«Համընդհանուր է, որովհետև ներառելու է բոլորին, բայց ամեն անհատի ամբողջական հնարավոր առողջական կարիքները հնարավոր չէ բավարարել բազային փաթեթում: Մեր նպատակն է, որ ամեն քաղաքացի այս համակարգի շնորհիվ իրեն առաջնակի, առաջնահերթ, անհրաժեշտ, կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող վիճակներում ստանա բժշկական օգնություն»,- այդ մասին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքն ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Ապահովագրական համակարգը չի գործարկվելու մեկնարկային մեկ օրում, այլ ներդրվելու է փուլային մոտեցմամբ՝ երեք տարվա ընթացքում։ Այս ռազմավարությունը թույլ կտա խուսափել համակարգային ցնցումներից և ապահովել սահուն անցում, հայտարարել է Ավանեսյանը։
Առաջին փուլում համակարգի շահառու են դառնալու պետության կողմից ապահովագրվող խոցելի խմբերը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաներին, 65 և ավելի տարիք ունեցող անձանց, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց (I, II, III խմբեր), ինչպես նաև սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքներին։
«Փաթեթի շահառու մինչև 18 տարեկանների թիվը 700 հազար է. քանի որ մինչ այս էլ նրանք պետպատվերի շահառու էին, նրանց համար փոփոխվելու են բժշկական ծառայությունների շրջանակը, նաև փոխհատուցման գները: 65+ տարիքի անձինք 400 հազարից ավելի են, այս թվի մեջ չեն մտնում հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք մինչ այս էլ պետական պատվերի շահառու էին»,- նշել է Ավանեսյանը:
Համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը ֆինանսավորման մոդելն է։ Ըստ նախագծի՝ 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան նաև ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Սահմանվել է ապահովագրական փաթեթի տարեկան հստակ արժեք՝ 129 600 դրամ։ Վճարումները կատարվելու են ոչ թե միանվագ, այլ ամսական կտրվածքով՝ 10 600 դրամի չափով։ Կառավարությունը մշակել է փոխհատուցման և բեռի մեղմման ճկուն մեխանիզմներ, որոնք կապված են «Զինապահ» հիմնադրամին կատարվող վճարումների հետ։ 2026 թվականի համար գործելու է հետևյալ սխեման.
• 200 000-ից 500 000 դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կստանան «Զինապահ» հիմնադրամին սովորական 5500 դրամի փոխարեն վճարել 1000 դրամ, իսկ մնացած 4500 դրամն ուղղել առողջության ապահովագրությանը։ Ավելին, տարվա ավարտին եկամուտների հայտարարագիր լրացնելու դեպքում նրանք պետությունից ետ կստանան 6000 դրամ։
• 500 000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները «Զինապահին» 7500 դրամի փոխարեն կվճարեն 1000 դրամ, իսկ մնացած 6500 դրամը կփոխանցեն ապահովագրությանը։ 2027 թվականին հայտարարագիր լրացնելուց հետո նրանք ետ կստանան 4000 դրամ։
• 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողները նույնպես հնարավորություն կունենան 2027 թվականին հայտարարագիր լրացնելով ետ ստանալ 4000 դրամ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը բարձրացրեց մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիների հարցը՝ արդյոք նրանք ստիպված են լինելու կրկնակի վճարել։ Ի պատասխան՝ նախարար Ավանեսյանը հստակեցրեց, որ մասնավոր ապահովագրության փաթեթ ունեցող անձինք ևս պետք է ունենան պետական բազային ապահովագրական փաթեթ, բայց միաժամանակ կարող են օգտվել մասնավոր ապահովագրության միջոցով տրամադրվող հավելյալ ծառայություններից: Նախարարն ընդգծեց, որ հանրապետությունում ներդրվում է որակապես նոր համակարգ և ենթակառուցվածք, որը պետք է ներառի ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ ռեզիդենտներին։
Ինչ վերաբերում է տարիքային շեմին, թե ինչու է ընտրվել հենց 65 տարեկանը որպես նախնական շեմ, Ավանեսյանը անկեղծացավ՝ նշելով, որ «այս պահին բյուջեով դա է հնարավոր»։
Ընդդիմադիրների կողմից հնչող հիմնական պահանջներից մեկը հիվանդությունների և ծառայությունների հստակ ցանկի հրապարակումն էր։ Ավանեսյանը նշեց, որ այն ներկայացնելու համար 3 ժամ կպահանջվի. «Դրանք ոչ միայն ցանկեր են, այլև դասակարգումներ, թե որ ծառայությունը որ օղակում պետք է ստացվի և այլն»: Նախարարը խոստացավ, որ քաղաքացիները լիարժեք հասանելիություն կունենան փաթեթում ներառված ծառայություններին։
«Փաթեթը և դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն պատրաստ են նախագծերի տեսքով, նախագծի ընդունվելուց հետո կդրվեն Կառավարության քննարկմանը և կընդունվեն: Դրանից հետո կհրապարակվեն, և ցանկերը հասանելի կլինեն Armed հավելվածում»,- նշել է Ավանեսյանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար