Թագուհի Թովմասյանը դատի է տվել Արթուր Հովհաննիսյանին
Գրանցվել
Գրանցվել
Թագուհի Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից 9 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
1 ՀՈԿ 2025 08:01
Թագուհի Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից 9 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Թագուհի Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից 9 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

1 ՀՈԿ 2025 08:01
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի։ Թ. Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանից՝ հրապարակային ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար, հերքել զրպարտություն պարունակող տեղեկություններն ու փոխհատուցում վճարել 9 մլն դրամի չափով։ Այս մասին գրել է «Հետք»-ը։
Թագուհի Թովմասյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին «24 նյուզ» և «5-րդ ալիք» կայքերով հրապարակային՝ տեսանյութով ներողություն խնդրել իր հասցեին վիրավորական արտահայտությունների համար:
Թովմասյանը պահանջում է սահմանել տեսանյութի հրապարակումը հետևյալ վերնագրով. «Ներողություն. Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված վիրավորանք հանդիսացող տեղեկության վերաբերյալ», և հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին նրան «անբարո» անվանելու, Թագուհի Մանվելի Թովմասյանին ուղղված հետևյալ բովանդակությամբ առաջարկի համար, այն է՝ «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելության» արտահայտության համար»:
Բացի այդ, Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին նույն եղանակով հերքել իր հասցեին զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Սահմանել տեսանյութի հրապարակումը հետևյալ վերնագրով՝ «Հերքում. Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ», և հետևյալ բվանդակությամբ. «Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, 2025թ. սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում զրպարտել եմ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ լրագրողների հետ ճեպազրույցում պնդելով, թե նա Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող, ինչը չի համապատասխանում իրականությանը»:
Թագուհի Թովմասյանը պահանջում է 9 մլն դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում, որից 3 մլն դրամը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն դրամը՝ զրպարտության համար։
Հայցադիմումը ներկայացվել է երեկ՝ 2025թ. սեպտեմբերի 30-ին և մակագրվել է դատավոր Աննա Շիլաջյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չկա։
2025թ.-ին սա երկրորդ հայցադիմումն է Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Հունիսին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելու դատական պահանջ է ներկայացրել մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը։ Այս դեպքում հայցադիմումի հիմքը Արթուր Հովհաննիսյանի մայիսի 12- ելույթն էր Ազգային ժողովի ամբիոնից։ Նա ասել էր՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք հէկերը»։
Աննա Գրիգորյանը, հերքումից զատ, 3 մլն դրամի փոխհատուցում է պահանջում։
Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Հովհաննիսյանը կոպիտ էր արտահայտվել Թագուհի Թովմասյանի մասին՝ հորդորելով ամեն օր սեռավարակի թեստ հանձնել, որպեսզի հասկանան, թե ինչպես է նրան հաջողվել 4 տուն ձեռք բերել։ Իշխող խմբակցության պատգամավորի արտահայտությունները հանրային դժգոհություն էին առաջացրել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել