Խաչի Գյուտ. Հայ Առաքելական Եկեղեցու տոնը
Գրանցվել
Գրանցվել
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի Գյուտի տոնը
26 ՀՈԿ 2025 06:08
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի Գյուտի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի Գյուտի տոնը

26 ՀՈԿ 2025 06:08
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, նշում է Խաչի Գյուտի օրը՝ Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկը։ Այս տոնի պատմությունը սերտորեն կապված է երկու կարևոր իրադարձությունների հետ՝ Խաչի առաջին և երկրորդ գյուտերի հետ, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար առաջին և չորրորդ դարերում։
Խաչի հրաշագործությունները Համբարձումից հետո
Քրիստոսի համբարձումից հետո Տիրոջ խաչափայտը որոշ ժամանակ անխնամ մնաց Գողգոթայում։ Ավանդության համաձայն՝ մի կաղ մանուկ խաղալիս պատահաբար դիպչում է խաչափայտին և անմիջապես բժշկվում։ Այս դեպքից հետո Խաչի համբավը տարածվում է, և բազմաթիվ հիվանդներ բժշկվում են նրա զորությամբ։ Տեսնելով այս հրաշքները՝ Հակոբոս Տյառնեղբայրը՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը, վերցնում է խաչափայտը իր խնամակալության տակ։
Սակայն, նախանձից մղված, հրեաները հափշտակում են այն և թաքցնում Տիրոջ գերեզմանում՝ վրան վեմ դնելով։ Չնայած դրան, վեմի ճեղքերից դուրս եկող լույսը շարունակում էր բժշկել գերեզման այցելող հավատացյալներին։ Ավելի ուշ՝ Ներոն կայսեր հալածանքների ժամանակ, հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը, իսկ Խաչափայտը թաղում են Գողգոթայում՝ այն վերածելով աղբանոցի, որտեղ այն մնում է մոտ երեք հարյուր տարի։
Հեղինե կայսրուհու առաքելությունը
Շուրջ երեք հարյուր տարի անց՝ 327 թվականին, Կոստանդիանոս կայսեր մայրը՝ բարեպաշտ Հեղինե կայսրուհին, տեսիլք է ունենում, որով նրան հրամայվում է գնալ Երուսաղեմ և գտնել Տիրոջ Խաչափայտը։ Ժամանելով Երուսաղեմ՝ նա քաղաքը գտնում է ավերված, ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ... Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում» (Եսայի 1:8)։
Խաչի գտնվելու վայրը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, որը սկզբում հրաժարվում էր օգնել կայսրուհուն, սակայն ի վերջո բացահայտում է գաղտնիքը։ Գողգոթայում սկսված պեղումների արդյունքում հայտնաբերվում են երեք խաչ։
Տիրոջ Խաչի ճանաչումը և փառաբանումը
Տիրոջ խաչը մյուս երկուսից զանազանելու համար Երուսաղեմի Մակարիոս եպիսկոպոսի առաջարկով դրանք հերթով հպում են մահամերձ մի կնոջ։ Երբ կնոջը մոտեցնում են Տիրոջ խաչը, նա անմիջապես առողջանում է։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ մի պատանու դի է հարություն առնում Խաչի հպումից, ինչի շնորհիվ ճանաչվում է տերունական խաչը։ Այս հրաշքը տեսնելով՝ Հուդան և բազմաթիվ այլ հրեաներ քրիստոնեություն են ընդունում։ Հուդան մկրտվում է Կյուրեղ անունով և հետագայում դառնում Երուսաղեմի եպիսկոպոս։
Խաչի գյուտից հետո Հեղինե կայսրուհին բարեզարդում է սրբազան վայրերը և Գողգոթայում կառուցում Սուրբ Հարություն տաճարը, որտեղ և զետեղվում է Տիրոջ կենարար Խաչափայտը՝ ի երկրպագություն հավատացյալների։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել