Հայ գերիների հարցը ՄԱԿ-ում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է 23 գերիների հարցը
15 ՀՈԿ 2025 08:17
Հայաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է 23 գերիների հարցը

Հայաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է 23 գերիների հարցը

15 ՀՈԿ 2025 08:17
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը բարձր մակարդակով անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող 23 հայ գերիների հարցին՝ ընդգծելով, որ նրանց իրավունքների, անվտանգության և արժանապատվության շուրջ առկա մտահոգությունները շարունակում են մնալ հրատապ և արդիական։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Հայկական կողմի այս դիրքորոշումը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի շրջանակներում՝ խոշտանգումների հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտերակտիվ երկխոսության ընթացքում։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահը, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահը և Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը, ՀՀ մշտական ներկայացուցչությունը նախ վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համընդհանուր վերացմանը։ Հայկական կողմը խորը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ «որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»։
Այս համատեքստում, Հայաստանի ներկայացուցչությունը ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Խոշտանגումների դեմ կոմիտեի վերջին եզրակացությունների վրա, որոնցում կառույցը պաշտոնապես արձանագրել է իր «լուրջ մտահոգությունը» Ադրբեջանում պահվող 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ։ Հայկական կողմը շեշտել է, որ այդ մտահոգությունները ոչ միայն չեն կորցրել իրենց արդիականությունը, այլև շարունակում են խորանալ։
Ինչպես նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ, «այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը»։
Հատկապես ընդգծվել է այն մտահոգիչ հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածությունը, ինչը էլ ավելի է սրում իրավիճակը և անորոշության մեջ պահում գերիների ճակատագրի ու վիճակի հարցը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել