Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել առաջիկայում. Միրզոյան
18 ՀՈԿ 2025 09:35

Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել առաջիկայում. Միրզոյան
18 ՀՈԿ 2025 09:35
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել առաջիկա մեկ ամսվա կամ հաջորդ տարվա ընթացքում։ Այս մասին «Deutsche Welle»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա երկրի պաշտոնական քաղաքականությունն է։
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ընդունվել է օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում է ձգտել Եվրամիությանն անդամակցելուն։ Միրզոյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, և հասարակությունը պահանջում է շոշափելի առաջընթաց։ «Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ», - հավելել է ԱԳ նախարարը։
Խոսելով ԵՄ-ի հետ առկա հարաբերությունների մասին՝ Միրզոյանը հիշեցրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մասին, ինչպես նաև նշել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ բավականին հաջող ընթացող գործընթացը։ Բացի այդ, Երևանն ու Բրյուսելն ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, որը, ըստ նախարարի, կարող է ստորագրվել առաջիկա երեք ամիսների ընթացքում։
Հարկ է նշել, որ Հայաստանի Ազգային ժողովի կողմից մարտի 26-ին ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է դարձել։ Կրեմլում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել