Հայաստանը հավանություն է տվել ԱՊՀ փաստաթղթերին
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը հավանություն է տվել ԱՊՀ փաստաթղթերի մեծամասնությանը․ Լեբեդև
29 ՍԵՊ 2025 14:52
Հայաստանը հավանություն է տվել ԱՊՀ փաստաթղթերի մեծամասնությանը․ Լեբեդև

Հայաստանը հավանություն է տվել ԱՊՀ փաստաթղթերի մեծամասնությանը․ Լեբեդև

29 ՍԵՊ 2025 14:52
Չնայած վերջին շրջանում նկատվող քաղաքական հռետորաբանությանը և ԱՊՀ շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումներին Հայաստանի ֆիզիկական ներկայության նվազմանը, Երևանը շարունակում է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին է վկայում ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունը, որի համաձայն՝ Հայաստանը հավանություն է տվել Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված փաստաթղթերի մեծամասնությանը։
Նիստը համախմբել է կազմակերպության անդամ ինը պետությունների ներկայացուցիչներին։ Հայաստանը միջոցառմանը մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով, որը նիստի աշխատանքներին միացել է տեսակապի միջոցով։ ՀՀ վարչապետը Նիստին չի մասնակցել՝ Նյու յորքում, ապա՝ Ստրասբուրգում լինելու պատճառաբանությամբ։ Չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաշինյանը Մինսկ չի մեկնելու։
Այս ձևաչափով մասնակցությունը և, հատկապես, փաստաթղթերի մեծ մասի հաստատումը վկայում են այն մասին, որ Հայաստանը, թեև վերանայում է իր հարաբերությունները կառույցի հետ, այնուամենայնիվ, դեռևս շարունակում է ներգրավված մնալ ԱՊՀ շրջանակներում քննարկվող գործընթացներում։
Իր հերթին, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, մեկնաբանելով Հայաստանի ներգրավվածության աստիճանը, շեշտել է, որ կազմակերպությունը չի տեսնում անդամ որևէ պետության կողմից ԱՊՀ-ում իր գործունեությունը դադարեցնելու մտադրություն։ «Կազմակերպությունը որևէ կասկած չունի, թե պետություններից որևէ մեկը ցանկանում է դադարեցնել իր գործունեությունը ԱՊՀ–ում»,– հայտարարել է Լեբեդևը։
Այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ԱՊՀ կենտրոնական մարմինների փորձ՝ ցրելու կազմակերպության կենսունակության շուրջ առկա մտահոգությունները և ընդգծելու, որ անդամ բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, շարունակում են մնալ կառույցի մաս։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աշխաբադում 2026 թվականի առաջին կեսին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել