Հայ գործիչների խումբը շուտով կմեկնի Ադրբեջան․ Արմեն Գրիգորյան
3 ՆՈՅ 2025 15:12

Հայ գործիչների խումբը շուտով կմեկնի Ադրբեջան․ Արմեն Գրիգորյան
3 ՆՈՅ 2025 15:12
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ, այլ տեսլական՝ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։
Այս առանցքային ուղերձով Բրյուսելում հանդես է եկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին։
Ելույթում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի տեսանելի արդյունքները և տարածաշրջանային ապաշրջափակման տնտեսական հեռանկարները։
Հիմնարար իրադարձություն է որակվել 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը, որը «դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում»։
Գրիգորյանը նշել է, որ այս իրադարձությունից հետո երկու երկրները նպատակային քայլեր են ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, ինչպիսիք են ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան և ՀՀ ԱԱԾ պետի այցը Բաքու։
Ելույթում առանձնահատուկ շեշտադրվել են խաղաղության գործընթացի տնտեսական դրական հետևանքները։ Սեպտեմբերին գրանցված տնտեսական ակտիվության 10.5% աճը ևս դիտարկվել է որպես օգոստոսի 8-ի հռչակագրի ուղղակի ազդեցություն։ Բացի այդ, ընդգծվել է NVIDIA և Firebird ընկերությունների հետ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես բարձր տեխնոլոգիական կենտրոն։
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է նաև, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված հուշագրի։
Բացի Ադրբեջանի հետ հարաբերություններից, որպես առաջնահերթություն է սահմանվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նշվել է, որ Հայաստանն ավարտել է սահմանի բացման համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները։ «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ սահմանների բացումը կարող է երկու երկրների միջև առևտրի ծավալն ավելացնել 200%-ով։
Որպես Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցման, ուղիղ կապերի ձևավորման օրինակ՝ Արմեն Գրիգորյանը հիշեցրել է հոկտեմբերին մի խումբ ադրբեջանական հասարակական և մեդիա գործիչների այցը ՀՀ։ Տեղեկացրել է, որ շուտով պատասխան այցով Ադրբեջան կմեկնեն հայ գործիչները։
«Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել