Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը
23 ՍԵՊ 2025 05:36

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը
23 ՍԵՊ 2025 05:36
Սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան ևս ճանաչում է Պաղեստինի պետականությունը։ Ինչպես և կանխատեսվում էր, Պաղեստինի թեման դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի օրակարգի գլխավոր կետերից մեկը։ Նույն օրը Մալթան ևս պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը՝ իր վարչապետի հայտարարությամբ. «Մենք հպարտ ենք հայտարարել Պաղեստինի պետության ճանաչման մասին»։ Մալթայի օրինակին հետևեցին նաև մի շարք այլ երկրներ՝ Անդորրան, Բելգիան և Լյուքսեմբուրգը։
Այս դիվանագիտական ակտիվությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ ջանքերի արդյունքն է։ Դեռևս հուլիսի վերջին երկու երկրները ՄԱԿ-ում համատեղ կազմակերպել էին «երկու պետություն» սկզբունքով լուծմանը նվիրված համաժողով, որին մասնակցում էր շուրջ հարյուր պատվիրակություն։ Այդ քննարկումների արդյունքում ընդունված «Նյու Յորքի հռչակագիրը» ճանապարհային քարտեզ է սահմանում հակամարտության կայուն կարգավորման համար՝ միևնույն ժամանակ բանակցություններից հստակորեն բացառելով ՀԱՄԱՍ-ին։
Վերջին օրերին Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը թևակոխել է նոր, աննախադեպ փուլ՝ ստանալով Արևմուտքի առաջատար երկրների աջակցությունը։ Սեպտեմբերի 21-ին Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան պաշտոնապես հայտարարեցին Պաղեստին պետությունը ճանաչելու մասին՝ նպատակ ունենալով վերակենդանացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության «երկու պետություն» սկզբունքով լուծման հեռանկարը։
Նշենք, որ ճանաչման ներկայիս ալիքին նախորդել էին եվրոպական այլ երկրների քայլերը։ 2024 թվականի մայիսին Պաղեստինը համատեղ ճանաչեցին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան, հաջորդ ամիս նրանց միացավ Սլովենիան, իսկ ավելի ուշ՝ Հայաստանն ու Մեքսիկան։ Այսպիսով, վերջին հայտարարություններով Պաղեստինի պետականությունը ճանաչող ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը գերազանցեց 150-ը՝ կազմելով համաշխարհային հանրության շուրջ 80%-ը։ Համեմատության համար՝ Իսրայելը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամներից 165-ի կողմից։
Պաղեստինի պետության ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից 1988 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ալժիրում։ Ալժիրն էլ դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց նորաստեղծ պետությունը։ Տարիների ընթացքում ճանաչման մի քանի ալիք է եղել՝ սկզբում Արաբական լիգայի և նախկին ԽՍՀՄ անդամ երկրների, ապա՝ աֆրիկյան, ասիական և լատինաամերիկյան պետությունների կողմից։
Պաղեստինը նաև քայլեր է ձեռնարկել միջազգային կառույցներում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ 2011 թվականին այն դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, իսկ 2012-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ստացավ դիտորդ պետության կարգավիճակ։ 2015-ից Պաղեստինը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի անդամ-պետություն, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել