Արցախի հարցը լուծված չէ․ Շահրամանյանի ուղերձը Եռաբլուրից
27 ՍԵՊ 2025 06:50

Արցախի հարցը լուծված չէ․ Շահրամանյանի ուղերձը Եռաբլուրից
27 ՍԵՊ 2025 06:50
Սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մեկնարկի հինգերորդ տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ և բազմաթիվ քաղաքացիներ։
Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ հիշեցնելով տեղի ունեցած ողբերգության մասին։
«Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ հետապնդելով մեկ հստակ նպատակ՝ տիրանալ Արցախին», - նշել է նա՝ ընդգծելով ագրեսիայի նախապես ծրագրված բնույթը։
Միևնույն ժամանակ, Շահրամանյանը կարևորել է խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հայտարարելով, որ արցախյան կողմը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը միտված է տարածաշրջանում կայունության հաստատմանը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է խաղաղությանը, լինի դա Ադրբեջանի, թե այլ հարևանների հետ», - ասել է նա։ Միաժամանակ, նախկին նախագահը շեշտել է, որ կայուն խաղաղությունը չի կարող հաստատվել՝ շրջանցելով արցախահայության հիմնարար իրավունքները։ «Մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում», - հավելեց նա։
Շահրամանյանը նշել է, որ հարցի լուծումը չի կարող սահմանափակվել միայն հումանիտար կամ սոցիալական ծրագրերով։ Խնդրի էությունը հայրենիքի կորուստն է, և քանի դեռ արցախցին զրկված է իր պատմական հողում ապրելու հնարավորությունից, հակամարտությունը չի կարող համարվել հանգուցալուծված։
«Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ», - ընդգծել է նա։
Շահրամանյանը նաև նախազգուշացրել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների անտեսումը երկարաժամկետ հեռանկարում լուրջ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ «Այսօր աչք փակելով այդ հարցի վրա՝ ես կասեի, որ մեծ խնդիր են ստեղծում հետագայի համար», - նշել է նա։ Ըստ նրա՝ միակ ընդունելի և կայուն լուծումը արցախահայության՝ իրենց բնօրրան արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի իրացումն է։ Սա է այն հիմնաքարը, որի վրա պետք է կառուցվի տարածաշրջանի հետագա խաղաղ գոյակցությունը։
«Դե մնայիք, կռվեիք, չգայիք, չտայիք» խոսույթին լուրջ չի վերաբերվում «Նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել»,- Եռաբլուրում ասել է Սամվել Շահրամանյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել