Անօդաչուները կաթվածահար են արել Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները
23 ՍԵՊ 2025 05:16

Անօդաչուները կաթվածահար են արել Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները
23 ՍԵՊ 2025 05:16
Երկուշաբթի երեկոյան անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելը լուրջ խափանումների պատճառ է դարձել Սկանդինավյան տարածաշրջանի երկու խոշորագույն օդանավակայաններում՝ ստիպելով մի քանի ժամով դադարեցնել բոլոր թռիչքները Կոպենհագենում և Օսլոյում։ Թեև օդանավակայաններն էլ արդեն վերսկսել են աշխատանքը, տասնյակ չվերթներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ, իսկ հազարավոր ուղևորներ բախվել են ուշացումների և չվերթների չեղարկումների հետ։ Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները համատեղ հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք այս երկու միջադեպերը փոխկապակցված են։
Կոպենհագենի օդանավակայանը, որը Հյուսիսային Եվրոպայի ամենածանրաբեռնված օդային հանգույցն է, բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցրել է երկուշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով 20:26-ին։ Աշխատանքի դադարը տևել է մոտ չորս ժամ։ Դանիական ոստիկանության հաղորդմամբ՝ օդանավակայանի մոտակայքում նկատվել է երկու կամ երեք խոշոր ԱԹՍ։ FlightRadar ծառայության տվյալներով՝ այս ընթացքում շուրջ 50 չվերթ ուղղորդվել է դեպի այլընտրանքային օդանավակայաններ։ Կոպենհագենի ոստիկանության փոխհանձնակատար Յակոբ Հանսենը հայտարարել է, որ սկսվել է ինտենսիվ հետաքննություն՝ ԱԹՍ-ների տեսակը պարզելու համար։ «Անօդաչու սարքերն անհետացել են, և մեզ չի հաջողվել դրանցից որևէ մեկը որսալ», – հավելել է նա։
Գրեթե միաժամանակ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի օդանավակայանում։ Նորվեգական օդանավակայանների օպերատոր «Avinor»-ը հայտնել է, որ օդային տարածքը փակվել է կեսգիշերին՝ դարձյալ անօդաչուների հայտնաբերման պատճառով։ Օսլոյի օդանավակայանը չի գործել ավելի քան երեք ժամ, և բոլոր չվերթներն ուղղորդվել են դեպի մոտակա օդանավակայաններ։ Աշխատանքը վերսկսվել է միայն տեղական ժամանակով առավոտյան 3:22-ին։
Թե ո՞ւմ էին պատկանում անօդաչուները և ի՞նչ առաքելություն ունեին օդանավակայանների հարակից հատվածներում՝ դեռ մանրամասներ չեն հրապարակվել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ օդանավակայաններին չի հաջողվել որսալ կամ նույնականացնել ԱԹՍ-ները։
Այս միջադեպերը տեղի են ունենում եվրոպական օդային փոխադրումների համար բարդ շրջանում։ Մոտ մեկ շաբաթ առաջ կիբերհարձակման հետևանքով Լոնդոնի Հիթրոու, Բեռլինի և Բրյուսելի օդանավակայաններում շարքից դուրս էին եկել գրանցման և նստեցման համակարգերը։ Դրա հետևանքները զգացվում էին նաև հանգստյան օրերին։ ԱԹՍ-ներով պայմանավորված խափանումները նորություն չեն. 2018 թվականին Լոնդոնի Գեթվիք օդանավակայանում նմանատիպ միջադեպի պատճառով տասնյակ հազարավոր ուղևորներ տուժեցին, իսկ հարյուրավոր չվերթներ չեղարկվեցին։
Ներկայումս Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանների ղեկավարությունը նախազգուշացնում է, որ թեև աշխատանքները վերսկսվել են, ուշացումներն ու որոշ չվերթների չեղարկումները դեռ կշարունակվեն։ Ուղևորներին հորդորում են կապ հաստատել իրենց ավիաընկերությունների հետ՝ թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել