Աննա Հակոբյանը՝ կանանց դեմ բռնության մասին
7 ՆՈՅ 2025 09:06

Աննա Հակոբյանը՝ կանանց դեմ բռնության մասին
7 ՆՈՅ 2025 09:06
Մեր իրականության մեջ կանանց հիմնականում հարվածում են, և ոչ թե պաշտպանում, և դու այս հարցում հարյուր հազարավոր բախտակիցներ ունես: Այդ մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նույն գրառման մեջ Հակոբյանը իր զորակցությունն է հայտնել ՀՀ-ում բանտարկված ու Բաքվում դատվող մի շարք գործիչների կանանց և աղջիկներին։
«Ես իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է: Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, ովքեր, վստահ եմ` իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե. «Հլը դու տես` ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է»։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ
անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց:Ես իմ զորակցությունն եմ հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին, արտիստներին, երգչուհիներին, բլոգերներին, լրագրողներին:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Անահիտ Ավանեսյանին, բոլոր մյուս պաշտոնյա կանանց, ինչպես նաև տղամարդ պաշտոնյաների տիկնանց, ովքեր իրենց սեռի բերումով արտաքինին, բարոյականությանը ուղղված հարվածներ են ստանում և չունեն ոչ մի պաշտպանություն ոչ մի կողմից:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում Նանե Իսրայելյանին, Նանե Արզումանյանին և բոլոր կին լրագրողներին, ովքեր քաղաքական ճաշակի և կին լինելու հանգամանքով կրկին մշտական հարվածների տակ են:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում երկու օր առաջ մոլագար ամուսնու դանակի հարվածներից մահացած կնոջ հոգուն, որը հիմա, վստահաբար, խաղաղ չէ` լսելով, թե ինչպես է շրջապատը, ամենայն հավանականությամբ, կատարվածի դատավճիռը կարդացել հետևյալ կերպ՝ դե երևի հունից հանել է խեղճ մարդուն:
Ես իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին, որովհետև չունեն ոչ մի պաշտպանություն:
Ես իմ զորակցությունը չեմ հայտնում Հայաստանի այն սնուցող մայրերին և գերդաստանի տատիկներին, ում սև փեշի «բարձր» հովանու ներքո էլ բռնության մշակույթը փոխանցվում է սերնդեսերունդ: Նրանք են, որ իրենց ծանր լռությամբ ու սաստող հայացքներով, իսկ ավելի հաճախ՝ ուղիղ խոսքով, քաջալերում են որդիներին և թոռներին բռնության ենթարկել սեփական կանանց: Ու դա տեղի է ունենում՝ «Ամոթ է, հարևան, բարեկամը բա չե՞ն ասի` դու ի՞նչ տղամարդ ես» խավարամիտ խոսույթի ներքո:
Ես իմ զորակցությունը չեմ հայտնում տղամարդկանց: Ճիշտ է` նրանք բռնության մշակույթի առաջին, ամենամեծ զոհն են, բայց այդպես էլ չեն փորձում կյանքի ինչ-որ փուլում ուղեղներն աշխատեցնել և հասկանալ, թե իրենց հետ ինչ է կատարվել, երբ և ինչպես»,- մասնավորապես գրել է Աննա Հակոբյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել