Ադրբեջանի դեմ հայցերը հետ չենք քաշելու. Անդրեասյան
Գրանցվել
Գրանցվել
Անդրեասյան. Ադրբեջանի դեմ հայցերը հետ չենք քաշելու
5 ՆՈՅ 2025 14:27
Անդրեասյան. Ադրբեջանի դեմ հայցերը հետ չենք քաշելու

Անդրեասյան. Ադրբեջանի դեմ հայցերը հետ չենք քաշելու

5 ՆՈՅ 2025 14:27
Հայաստանը չի քննարկում և չունի որևէ որոշում միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ վերցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվել է հսկայածավալ իրավական աշխատանք, և այժմ պետք է սպասել դատական ու դիվանագիտական գործընթացների արդյունքներին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ հարցին՝ Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի կողմից մինչև իր պաշտոնավարումը կատարվել է բարձրորակ աշխատանք։
«Հայաստանը... հսկայածավալ աշխատանք է արել, ներկայացրել է միջազգային ատյաններում բոլոր բողոքները, դիմումները, ես նույնիսկ ավելացնելու բան չեմ ունեցել... ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների, օրինակ, միջազգային դատական ատյանների որոշումներին»,- ասել է նա։ Անդրեասյանը հավելել է, որ պետք է սպասել նաև խաղաղության գործընթացի զարգացումներին և դիվանագիտական աշխատանքի արդյունքներին՝ ընդգծելով, որ իր դերն է «հետևել, որ մեր միջազգային վեճերը, որոնցով մենք բարձրացրել ենք գերիների այդ ցավոտ հարցը... ի վերջո ստանա դատական ճիշտ արձագանք»։
Զրույցի ընթացքում Կարեն Անդրեասյանը կտրականապես հերքեց նաև այն լուրերը, թե Հայաստանը պատրաստվում է հետ քաշել Ադրբեջանի դեմ հայցերը։
«Ո՛չ իմ նախորդի, ո՛չ էլ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել, և նման քննարկում չկա։ Եթե նման բան լինի, դուք դրա մասին անպայման տեղյակ կլինեք»,- հայտարարել է նա։
Ի պատասխան դիտարկման, թե Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի նախագծում, իբր, կա հայցերից հրաժարվելու կետ, Անդրեասյանը պատասխանել է. «Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը։ Պարոն Եղիշե Կիրակոսյանը չի ստացել և մեր գրասենյակը նույնպես չի ստացել որևէ առաջարկ՝ որևէ հայցից հրաժարվելու մասին»։
Նա շեշտել է, որ միայն ՀՀ իշխանության կողմից որևէ համաձայնագիր վավերացնելուց հետո կարող է նման հարց օրակարգ գալ, ինչի մասին հանրությունը տեղյակ կլինի առաջինը։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է հետևողականորեն պաշտպանել իր շահերը միջազգային հարթակներում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել