ԱՄՆ-ն փորձարկում է «Minuteman III» միջուկային հրթիռը
4 ՆՈՅ 2025 10:21

ԱՄՆ-ն փորձարկում է «Minuteman III» միջուկային հրթիռը
4 ՆՈՅ 2025 10:21
Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմավարական նշանակության կարևորագույն փորձարկում իրականացնել՝ ցուցադրելով իր միջուկային զինանոցի հզորությունը։ Նոյեմբերի 5-ի գիշերը ԱՄՆ-ը նախատեսում է փորձարկել «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը ընդունակ է կրել միջուկային մարտագլխիկ։ Այս քայլը դիտարկվում է որպես ուղիղ պատասխան Ռուսաստանի Դաշնության վերջին ռազմական ակտիվությանը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան միջուկային զենքը փորձարկելու վերջին կոչերին։
Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Տիեզերական ուժերի «Վանդենբերգ» ռազմաբազայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ փորձարկման հիմնական նպատակն է ստուգել սպառազինության արդյունավետությունն ու ճշգրտությունը։ Չնայած հրթիռը միջուկային լիցք կրելու հնարավորություն ունի, փորձնական արձակումն իրականացվելու է առանց մարտագլխիկի։ Արձակումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը՝ խաղաղօվկիանոսյան ժամանակով 23:01-ից մինչև 05:01-ը (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 5-ի առավոտյան)։
Այս փորձարկումը տեղի է ունենում բարձր քաղաքական լարվածության ֆոնին։ Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան միջուկային զենքի «անհապաղ» փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Նրա այս կոչը հաջորդել էր Ռուսաստանում «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի և «Պոսեյդոն» ստորջրյա տորպեդի հաջող փորձարկումներին, որոնք Արևմուտքում դիտարկվում են որպես ռազմավարական հավասարակշռությունը խախտելու փորձ։
Նոյեմբերի 3-ին ամերիկյան «Newsweek» պարբերականը, անդրադառնալով սպասվող իրադարձությանը, գրել էր, որ «Minuteman III»-ի այս արձակումը կդառնա նմանատիպ առաջին փորձարկումը Միացյալ Նահանգներում՝ նախագահ Թրամփի հայտարարությունից հետո։ Սա վկայում է, որ Վաշինգտոնը ոչ միայն ստուգում է իր զինանոցի տեխնիկական վիճակը, ինչպես մեկնաբանում են ամերիկյան պաշտոնական աղբյուրները,  այլև հստակ ռազմաքաղաքական ազդանշան է հղում իր հիմնական մրցակիցներին՝ ցուցադրելով սեփական զսպման ուժերի հուսալիությունն ու պատրաստականությունը։ Այս հաշվարկով, սպասվող փորձարկումը դուրս է գալիս սովորական ռազմական վարժանքի շրջանակներից՝ դառնալով համաշխարհային միջուկային տերությունների միջև սրվող մրցակցության և ուժի ցուցադրման կարևոր դրվագ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել