ԱՄՆ պատժամիջոցները նվազեցրել են ռուսական նավթի գինը
ԱՄՆ պատժամիջոցները հարվածել են ռուսական նավթին. OFAC
18 ՆՈՅ 2025 05:46
ԱՄՆ պատժամիջոցները հարվածել են ռուսական նավթին. OFAC

ԱՄՆ պատժամիջոցները հարվածել են ռուսական նավթին. OFAC

18 ՆՈՅ 2025 05:46
ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ ռուսական նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ կիրառված ամերիկյան պատժամիջոցներն արդյունավետ են եղել՝ հանգեցնելով ռուսական նավթի գնի զգալի անկմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներքին փաստաթղթերին։
Ինչպես նշում է OFAC-ը, հոկտեմբերի 22-ին սահմանված պատժամիջոցները «ունեցել են ցանկալի ազդեցություն՝ նվազեցնելով Ռուսաստանի եկամուտները ռուսական նավթի գնի իջեցման միջոցով»։ Սա, իր հերթին, սահմանափակում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու կարողությունը, հավելում են գերատեսչությունում։
Վերլուծության մեջ նշվում է, որ ռուսական հումքի մի քանի հիմնական տեսակներ վաճառվում են բազմամյա նվազագույնի հասնող գներով։ Ավելին, հնդկական և չինական գրեթե մեկ տասնյակ խոշոր գնորդներ հայտարարել են դեկտեմբերին ռուսական նավթի գնումները դադարեցնելու մտադրության մասին։
Reuters-ը, հղում անելով LSEG-ի տվյալներին, մանրամասնում է, որ նոյեմբերի 12-ին Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնվող Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 45,35 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2023 թվականի մարտից ի վեր։ Այդ ժամանակ Ռուսաստանը նոր էր սկսում ձևավորել «ստվերային նավատորմ»՝ ձմռանը սահմանված «գնային շեմը» շրջանցելու համար։ Երկուշաբթի օրվա դրությամբ գինը բարձրացել է՝ հասնելով 47,01 դոլարի մեկ բարելի դիմաց։
Համեմատության համար նշենք, որ նավթի համաշխարհային շուկայում էտալոնային համարվող Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 12-ին կազմել է 62,71 դոլար, իսկ նոյեմբերի 17-ին՝ 64,03 դոլար մեկ բարելի դիմաց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար