Վենեսուելայի շուրջ լարվածությունը մեծանում է
17 ՆՈՅ 2025 05:29

Վենեսուելայի շուրջ լարվածությունը մեծանում է
17 ՆՈՅ 2025 05:29
Վենեսուելայի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամը, կարծես, նոր մակարդակ է թևակոխում։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հաղորդում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ակտիվության աննախադեպ աճի մասին, ինչը մի շարք հարցեր է առաջացնում հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Reuters-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ռազմական հենակետ են ստեղծում Վենեսուելայի սահմանների մոտ։ Ամերիկյան բանակը ձեռնամուխ է եղել Կարիբյան ավազանում իր ռազմածովային օբյեկտների արդիականացմանը։ Հատկանշական է, որ այդ օբյեկտների թվում է նաև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր չգործող մի բազա։ Ըստ պարբերականի, նման գործողությունները կարող են մեկնաբանվել որպես Վենեսուելայի տարածքում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստություն։
Իրավիճակն էլ ավելի է սրում այն փաստը, որ, ըստ մի շարք ԶԼՄ-ների, ամերիկյան ավիակիրները արդեն իսկ մոտեցել են Վենեսուելայի ափերին։ Հաղորդվում է, որ Կարիբյան ծով է ժամանել նավերի մի ամբողջ խումբ, որտեղ տեղակայված են ավելի քան 4500 զինծառայող, ինչպես նաև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Ռազմական ճնշմանը զուգահեռ, ամերիկյան վարչակազմում քննարկվում են նաև ճգնաժամի լուծման այլընտրանքային, քաղաքական սցենարներ։ Politico-ն, հղում անելով Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին, գրում է, որ Սպիտակ տանը քննարկում են, թե որ երկիր կարող են աքսորել Նիկոլաս Մադուրոյին և նրա մերձավոր շրջապատին։ Որպես հնարավոր տարբերակներ դիտարկվում են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը և Կուբան։
Այս լարված իրադրության ֆոնին, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է մեկնաբանվել որպես բանակցությունների պատրաստակամություն։ «Մենք կարող ենք որոշ բանակցություններ վարել Մադուրոյի հետ և տեսնել, թե ինչ կլինի։ Նրանք կցանկանային խոսել», - նշել է ԱՄՆ ղեկավարը։
Հարկ է նշել, որ սեպտեմբեր ամսից ի վեր Միացյալ Նահանգները պարբերաբար հարվածներ են հասցնում Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին՝ պաշտոնապես հայտարարելով, որ դրանք ուղղված են թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին։ Ըստ տարբեր աղբյուրների, այդ հարվածների հետևանքով սպանվածների թիվը արդեն հատել է 90-ի սահմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար