Թրամփի վարչակազմը խրախուսում է էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ․ Հայ դատ
4 ՀՈԿ 2025 07:14

Թրամփի վարչակազմը խրախուսում է էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ․ Հայ դատ
4 ՀՈԿ 2025 07:14
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը», փոխանցում է «Ազատությունը»։
2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:
Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:
«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, և արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների և համայնքային ակտիվիստների հետ՝ այս հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել այս չլուծված հակամարտությունում՝ ապահովելու տեղահանված հայերի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք:
Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես ասած, «դատավարությունը» շարունակվում է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել