ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
26 ՆՈՅ 2025 08:33

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
26 ՆՈՅ 2025 08:33
ՀՀ արտգործնախարարության օրակարգում այս պահին դրված չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Անդրադառնալով կառույցի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններին՝ փոխնախարարը հստակեցրել է այն ձևաչափը, որով Երևանը շարունակում է իր գոյակցությունը ռազմաքաղաքական այդ դաշինքի շրջանակներում։ Ըստ պաշտոնյայի՝ այդ մոտեցման մասին արդեն իսկ հայտարարվել է, և այն ենթադրում է հստակ դիրքորոշում՝ չմասնակցել գործընթացներին, սակայն վետո չկիրառել։ «ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտարարվել է. ՀՀ–ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»,- նշել է Սաֆարյանը։
Խոսելով երկրի արտաքին քաղաքական կուրսի և ռազմավարության մասին՝ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ պետական որոշումները կայացվում են՝ ելնելով բացառապես ազգային շահերից և տվյալ պահին ձևավորված իրավիճակից։ Նա շեշտել է, որ այս փուլում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը մնում է անփոփոխ՝ ուղղված հարաբերությունների բազմազանեցմանը և հավասարակշռմանը։
«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին»,- ասել է փոխնախարարը։
Ամփոփելով խոսքը՝ Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է որոշումներ կայացնել, և եթե թեմայի առնչությամբ լինի հավելյալ տեղեկատվություն կամ նոր զարգացումներ, գերատեսչությունը կտեղեկացնի այդ մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար